Javakhk

“Ջավախքը” ազգագրական երգի-պարի համույթ է: Գործում է Ախալքալաքում, համերգներով հանդես գալով ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Վրաստանի Հանրապետությունում եւ այլուր: Համույթը հիմնադրվել է 2000 թվականին Ալեքսանդր Քսպոյանի կողմից (Ախալքալաք, Ջավախք):

“Javakhk” is a traditional Armenian song and dance group. It is based in Akhalkalak and works in Republic of Armenia, Republic of Georgia and elsewhere. The group is founded in 2000 by Alexander Kspoyan (Akhalkalak, Javakhk).

“Джаваxк” – ансамбль традиционной армянсой песни и танца. Действует в Аxалкалаке и выступает как в Республике Армения, так и в Республике Грузия и в другиx странаx. Ансамбль основан в 2000 г. Александром Кспояном (Аxалкалак, Джаваxк).

Կապ | Contact | Контакт:
Tel: 00995 99 259131

 


Plybill


Gallery

Gallery Gallery Gallery

Gallery Gallery Gallery

Javakhk TV:

Տեսահոլովակ 1 | Video clip 1 | Видеоклип 1 >
Տեսահոլովակ 2 | Video clip 2 | Видеоклип 2 >
Տեսահոլովակ 3 | Video clip 3 | Видеоклип 3 >
Տեսահոլովակ 4 | Video clip 4 | Видеоклип 4 >
Տեսահոլովակ 5 | Video clip 5 | Видеоклип 5 >


Gallery

ԱՇՈւՂ ԱԼԻՔ ՋԱՎԱԽՔ։ ՀԱՅՐԵՆԱՊԱՀՊԱՆ ԳՈՐԾԻՉԸ

պատրաստեց Վահե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դեռ 1918-1921թթ. ողբերգական, ինչպես նաև հետխորհրդային տարիներին՝ Ջավախք տարածաշրջանում մշակութային կյանքը ապրում է, կարելի է ասել, օրհասական մի ժամանակաշրջան։ Ե'վ Վրաստանի, և' ՀՀ-ի կողմից չարժանանալով պատշաճ ուշադրության՝ Ջավախքում մշակութային գործիչները, մտավորականներն իրենց ապրուստի հայթայթման համար թողեցին իրենց հայրենի բնօրրանն ու մեկնեցին։ Մնաց լոկ հասարակ շինականը՝ իր պարզ ու շիտակ բնավորությամբ, իր կոպտացած ձեռքերով։ Հասարակ մարդը Ջավախքում հետխորհրդային ողջ հատվածում «անտեր» էր։ Հայ ազգի լավագույն գուսանների, աշուղների, գիտնական-արվեստագետների, մտավորական-գործիչների դարբնոցը մի պահ լռեց։ Երկար ժամանակ ջավախահայի հոգևոր-մշակութային սովը բավարարելու համապատասխան «սնունդը» փողոցային արվեստն էր, երգն ու երաժշտությունը։ Մեր օրերում այդ ամենի հետևանքները դեռ երկար են իրենց դրսևորելու. դեռ մեր կողքին մեծ թիվ են կազմում ազգային արվեստից անտեղյակ երիտասարդներ, մարդիկ։

Ջավախքում կարծես մի պահ անթեղվեց հայկական ազգային արվեստը, մշակույթը։ Վերջինս կրկին բոցկլտացնող շատ մարդիկ հեռու են, շատերն՝ անդարձ։ Սակայն նրանցից ոմանք, թեև հատուկենտ, դիմացան դաժան ժամանակներին և կրկին երևան են եկել, կրկին փորփրում են մոխիրները՝ գտնելու այն կայծերը, որոնցով բոցկլտալու է հայկական ազգային ոգին։ Հերոս են այդ մարդիկ, ինչպես և հերոսական է նրանց գործը։ Վերջիններս փրկում են ոչ միայն ողջ ժողովրդի մի մասնիկ, ողջ մշակույթի մի հիմնասյուն, այլև՝ ողջ հայրենիքի մի հատված, մի ողջ պատմական հայրենիք։ Նրանք փրկում են Ջավախքը։ Ավելին՝ նրանք հետ են բերում իսկական Ջավախքը։

Վերոհիշյալ տողերով բնութագրվող մարդկանցից է Աշուղ Ալիք Ջավախքը։

Նախ՝ մի քանի խոսք նրա արմատների մասին։

Աշուղ Ալիք Ջավախքի (Ալիկ Քսպոյան) նախապապերը սերել են Էրզրումից 6 կմ հեռավորության վրա գտնվող Արշուն բնակավայրից։ Այստեղից Ջավախքի Ջիգրաշեն գյուղ հաստատված ընտանիքի շառավիղն էր նաև աշուղի ընտանիքը, որտեղ և 1950թ. ծնվում է Ջավախքի ապագա աշուղը։ Ալիկ Քսպոյանը եղել է Ջիգրաշենի՝ այն ժամանակ դեռևս նոր միջնակարգ դարձած դպրոցի առաջին շրջանավարտներից։ 18 տարեկան հասակում՝ 1968թ., Քսպոյանենց ընտանիքը բնակություն է հաստատում ք. Ախալքալաքում։ Դպրոցն ավարտելուց հետո Ալիկ Քսպոյանը տեղափոխվում է ՌՍՖՍՀ և երկու տարի նախապատրաստվելուց հետո ընդունվում Բլագովեշչենսկի պատմության ինստիտուտը՝ ավարտելով այն 1974թ.։ Դեռ ուսանողական տարիներին 1,5 տարի զուգահեռաբար սովորել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Վլ. Բաբերեժսկու օպերային ստուդիան։ Ե'վ որպես ինստիտուտի, և' որպես օպերային ստուդիայի շրջանավարտ՝ Ա. Քսպոյանին հնարավորություններ են ընձեռվել՝ մնալու տեղում, աշխատելու տարբեր բնագավառներում։ Սակայն հորը վաղ տարիքում կորցրած և ծեր մոր միակ խնամարկյալ հանդիսացող երիտասարդ Ալիկին կանչում էր հայրենի տունը։ Բացի այդ, կային նաև վերադարձի այլ պատճառներ. Հայրենի Ջավախքի կանչը, հայ աղջկա հետ ամուսնանալու մոր պահանջմունքները...
Ջավախք վերադառնալուց հետո Ա. Քսպոյանը աշխատել է Ախալքալաքի շրջանային վարչությունում՝ որպես Գրքասերների ընկերության պատասխանատու քարտուղար, մասնակցություն է ունեցել նաև տարբեր գեղարվեստական խմբերի աշխատանքներին։ Դեռ այդ տարիներին հրավեր է ստացել Երևանից՝ ընդգրկվելու Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի կազմում։ Այդ առթիվ Էմմա Ծատուրյանի և անվանի բալետմայստեր Ազատ Ղարիբյանի կողմից առաջարկներ են եղել և այն էլ բավականին բարձր աշխատավարձով, եղել են նաև բնակարանի խոստումներ։ Սակայն Ա. Քսպոյանն այդպես էլ մնում է Հայրենի Ջավախքում՝ արձագանքելով Ախալքալաքի այն ժամանակվա Մշակույթի բաժնի վարիչ Յուրի Սարիբեկյանի առաջարկին, որը, գիտակցելով Ա. Քսպոյանի դերակատարությունը Ջավախքի մշակույթի պահպանման և զարգացման գործում, տեղում ապրելու և գործելու լայն հնարավորություններ տվեց ապագա աշուղին։
Ա. Քսպոյանը նորից լծվում է աշխատանքի. սկզբնական շրջանում մշակույթի տան գեղարվեստական մասի ղեկավար, այնուհետև՝ քաղաքային մշակույթի տան տնօրեն:
1989 թվականից Ա. Քսպոյանը հանդիսանում է Ախալքալաքի շրջանային մշակույթի տան տնօրենը, որը ներկայումս կոչվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Ակումբների միություն։
30 տարուց ավել է, ինչ աշխատում է մշակույթի ասպարեզում:
100-ից ավելի երգերի հեղինակ: Թողարկել է երեք տեսաերիզ և մեկ աշուղական երգարան` բոլորն էլ “Ջավախքի կանչը” խորագրով:
Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ է, պարգևատրվել է Վրաստանի, ՀՀ-ի, ՌԴ-ի` շուրջ 20-ից ավելի մեդալներով:
2003թ. Հայհամերգի ու ՀՀ Արվեստի միջազգային կենտրոնի կողմից շնորհվել է «Արվեստի նվիրյալի» կոչում:
2000թ. հիմնադրել է “Ջավախք” ազգագրական երգի-պարի անսամբլը:
Առաջին անգամ Ջավախքում բեմադրել է ջավախքյան ազգային երգն ու պարը և այն դուրս է հանել Ջավախքի և ՀՀ-ի սահմաններից, հասցնելով ՌԴ և Եվրոպա:
2006թ. Ախալքալաքի ժողովրդական թատրոնում արել է բեմադրություն և այդ ներկայացումով առաջին անգամ Ջավախքի պատմության մեջ հանդես է եկել Թիֆլիսի, Գյումրիի և Երևանի բեմերում:
2006թ. Երևանում հանդիսավոր կերպով նրան շնորհվեց աշուղի կոչում` տալով նրան Աշուղ Ալիք Ջավախք պատվանունը:
2007թ. նրա նախաձեռնությամբ առաջին անգամ Ախալքալաքում բացվում է աշուղական դպրոց: Այս դպրոցում նրա ղեկավարությամբ գործում է աշուղական անսամբլ, որը կրում է մեծն Ջիվանու անունը:
2008թ. նրա ջանքերով Ջավախքում ստեղծվում է մանկական թատրոն, որը նույն թվականին մեծ վերելքով մասնակցեց Երևանի “Նռան հատիկ” փառատոնին:
10 տարուց ավել է, ինչ նրա նախաձեռնությամբ Ախալքալաքի մշակույթի տանը գործում է մշտական երգչախումբ:
Ախալքալաքի շրջանում, ինչպես և Ջավախքի հարակից շրջաններում, հետխորհրդային տարիներին կաթվածահար եղած մշակութային օջախներում այսօր կամաց-կամաց երևում են կենդանության նշույլներ։ Վերջին երկու տարիներին Ախալքալաքի շրջանում արդեն վերաբացվել և այսօր գործում են շուրջ 29 գյուղական ակումբներ։ Վերջիններս այսօր գործում են, այդ տեղերում կան հաստիքային աշխատակիցներ՝ միայն այն գյուղերում, որտեղ առկա են շենքային քիչ թե շատ բարվոք պայմաններ։ Թեև խիստ դանդաղորեն, սակայն վերանորոգվում են որոշ գյուղերի (Ազավրեթ, Ալաստան, Կարծախ և այլն) ակումբները, որով ընդլայնվելու է գործող ակումբների աշխարհագրությունը։
Աշուղ Ալիք Ջավախքի նպատակն է, որ Ախալքալաքի շրջանի բոլոր ակումբներն ունենան իրենց գործունեության ծրագրերը։ Այդ նպատակով այսօր Ախալքալաքի շրջանային մշակույթի տանը գործում են թվով 10 կոլեկտիվներ (Ժողովրդական թատրոն, Մանկական թատրոն, Տիկնիկային թատրոն, Երգի-պարի անսամբլ, Ժողովրդական գործիքների անսամբլ, «Ջավախք» ազգագրական երգի-պարի անսամբլ, Մանկական անսամբլ, Երգչախումբ, Աշուղական անսամբլ, Աշուղական դպրոց)։ Այս կոլեկտիվները ամեն պահի պատրաստ են մեկնելու տարբեր գյուղեր և բնակավայրեր, տալու ամենատարբեր ներկայացումներ։ Վերջիններիցս շատերը մասնակցություն են ունեցել նաև Ջավախքի սահմաններից դուրս տարբեր փառատոնների, մրցույթների՝ ամենուր թնդացնելով Ջավախքի անունը։
Ջավախքում տարածվող «Ակունք» անկախ պարբերականն իր էջերում (2008թ., հունվար, թիվ 1-2, (115-116), էջ 7) անդրադարձ է կատարել Աշուղ Ալիք Ջավախքի կողմից 2007թ. սեպտեմբերի 1-ից բացված Աշուղական դպրոցի մասին. «...Ախալքալաքի աշուղական դպրոցն այսօրվա հայ իրականության մեջ երկրորդն է՝ ՀՀ-ում Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ գործող Ջիվանու անվան աշուղական դպրոցից հետո։ Դպրոցում սաները ուսանելու են երեք տարի, շրջանավարտները կստանան համապատասխան վկայականներ։ Նրանք ուսումնասիրում են աշուղական տաղաչափություն, աշուղական արվեստի պատմություն, բեմական մշակույթ, ձայնի մշակում և ճիշտ երգեցողություն։ Սաներն իրենց ցանկությամբ ընտրում են հայկական ժողովրդական գործիքները՝ դուդուկ, շվի, զուռնա, դհոլ և դաշնամուր։ Պարապմունքներն անցկացվում են շաբաթական երեք անգամ։ Դասերը վարում են Աշուղ Ալիք Ջավախքը, փորձառու դասատու Կարինե Քսպոյանը, շվիահար և դուդուկահար Նվեր Մոսոյանը, դհոլահար Հովհաննես Կարախանյանը և այլք»։
Յուրաքանչյուր ամիս գործող ակումբների ղեկավարները հավաքվում են Ախալքալաքում, տալիս կատարած աշխատանքների հաշվետվությունները, խոսում նոր ծրագրերի և անելիքների մասին։
Աշուղ Ալիք Ջավախքի կողմից գյուղական մշակութային տներին զարթոնք տալու համար մշակվել են հատուկ միջոցներ։ Օրինակ՝ Ակումբների միության շրջանակներում գործող Աշուղական դպրոցի սաները, դեռ չավարտած նույն դպրոցը, արդեն գյուղերում ստեղծում են իրենց երգի-պարի կոլեկտիվները։ Այդպիսի գյուղերի օրինակներ են Վաչիանը, Դիլիսկան։ Այսպիսով՝ եթե տարեկան անգամ փոքր թվով երիտասարդներ Ջավախքի տարբեր շեներից գան և թրծվեն Ախալքալաքի Ակումբների միության կոլեկտիվներում, այնուհետև հետ վերադառնան և իրենց բնակավայրերում զբաղվեն մշակութային գործունեությամբ՝ կարելի է նշել, որ տարիներ անց կարելի է Ջավախքում պարզորոշ տեսնել մշակութային զարթոնք։
Ախալքալաքի Ակումբների միությունում գործող վերոհիշյալ 10 կոլեկտիվների շուրջ 250 անդամներին իրար են միավորում ստեղծված մթնոլորտն ու հայրենիքի հանդեպ ունեցած անսահման նվիրումը։ ««Ջավախք» ազգագրական երգի-պարի անսամբլը, որն այդ կոլեկտիվների ավանգարդն է, կարծես մի ընտանիք լինի, այնտեղ աշխատում եմ ես՝ իմ կնոջ, աղջկաս ու տղայիս հետ, իսկ այնտեղ ընդգրկված բոլոր տղաներին ու աղջիկներին ես նույնպես համարում եմ իմ զավակները։ Մենք վերջապես Ջավախքում կարողացանք վերականգնել այն մտածողությանը, որ ամոթ չէ երգելը, պարելը, որ 12 տարեկանից բարձր տարիքի աղջկան արգելելը երգել, նվագել կամ պարել՝ այնքան էլ իրատեսական բան չէ», իր խոսքում նշում է Աշուղ Ալիք Ջավախքը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ակումբների միության կոլեկտիվները վերջին շրջանում մասնակցում են ինչպես ՀՀ-ի ու Վրաստանի, այնպես էլ՝ ՌԴ-ի և արտասահմանյան այլ քաղաքների մի շարք մրցույթ-փառատոններին։ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ջավախքը, վերջինիս հայկականությունը հայտնի դարձնելու ամենակարճ ճանապարհը վերջինիս մշակույթի ցուցադրումն է ամբողջ աշխարհում։ Իսկ դա իրագործելու համար հարկավոր է օգնություն, օգնություն՝ ՀՀ կառավարությունից, մի շարք հասարակական կազմակերպություններից։ Ցավոք, մինչ օրս մենք տարբեր վայրեր, օրինակ՝ Հունգարիա, ՌԴ-ի շուրջ 12 մեծ քաղաքներ այցելել ենք մեր միջոցներով, որոնք էլ, ցավոք, խիստ սահմանափակ են», մտահոգվում է Աշուղ Ալիք Ջավախքը, «սկզբից, օրինակ, ՌԴ-ում, երբ լսում էին ջավախքյան կատարողների մասին, մտածում էին, որ մի քանի գյուղական մակարդակի երաժիշտներ էլի եկել են փող աշխատելու։ Բայց երբ նրանց առաջ դուրս են գալիս 23 մանկահասակ պատանիներ և աղջիկներ, կարգով շարված, տարազային հագուստով և հանդես գալիս բարձր մակարդակի կատարումներով, հանդիսատեսը հանկարծակի էր գալիս։ Այս քայլերով մենք իսկապես համայն աշխարհին մատուցում ենք իսկական Ջավախքը՝ իր անկրկնելի ու մաքուր հայկական մշակույթով»։
«Ջավախք» ազգագրական երգի-պարի անսամբլը տարբեր վայրերում իր կատարումներով ոչ միայն ներկայացնում է Ջավախքը, այլև ավելին, վերջինիս բոլոր կատարումներում կա կոչ, պահանջ ու աղերսանք՝ այն մասին, որ բոլոր ջավախահայերին տունդարձ է հարկավոր, որ Ջավախքը կանչում է բոլորին։ Իզուր չեն Աշուղ Ալիք Ջավախքի բոլոր տեսաերիզներն ու աշուղական երգարանը վերնագրված «Ջավախքի կանչը»։ Լինում են դեպքեր, երբ համերգից հետո շատ ջավախահայերի մոտ բորբոքվում է հայրենասիրական կրակը, և վերջիններս որոշում են իրենց հայրենի գյուղերում վերանորոգել տարբեր մշակութային օջախներ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ակումբների միության նախագահ Աշուղ Ալիք Ջավախքը Ջավախքը չի դիտարկում միայն Ախալքալաքի կամ Նինոծմինդայի շրջանները. նրա աշակերտներն ամեն տեղից են՝ սկսած Ախալցխա-Սամցխեից, մինչև Ծալկայի հայկական բնակավայրերը։ Նույնկերպ և Ախալքալաքի Ակումբների միության կոլեկտիվները այցելում են Ախալցխայից մինչ Ծալկա։ Նրա «Գովք Ջավախքի» երգն արդեն դարձել է Ջավախքի օրհներգը, որը ճախրում է Ախալցխայից մինչ Ծալկա՝ յուրաքանչյուր ջավախքցու սրտում առաջացնելով հուզմունք, նվիրում ու հայրենական զգացումներ։
«Մեր հնագույն բնօրրանի ազգագրական պարարվեստը մոռացության մոխիրներից ազատողն ու շողշողացնողն է Ալիկը. վաղնջական «Բուլուլը», «Կլոր պարը», «Ետ ու առաջը», զուտ ջավախքյան այլ շուրջպարեր է «գտնում» ու բեմադրում նա՝ վերահաստատելով, որ ջավախահայերի պարարվեստը ոչ թե դարերի, այլ հազարամյակների պատմություն ունի» {1}։
Ցավոք, Ախալցխա-Սամցխե հատվածում, չնայած գերակա հայկական ազգաբնակչությանը, չկան մշտական գործող հայկական պետական մշակույթի տներ {2} ։ Այդ շրջաններում (Ադիգեն,Ախալցխա, Ասպինձա, Բորժոմ) Աշուղ Ալիք Ջավախքի կապը միայն հայկական դպրոցների հետ է, իսկ վրացական մշակույթի տների հետ, բացի մեկ երկու փոխադարձ այցելություններից, չկան խորը հարաբերություններ։ Ծալկան նույնպես իր 13 հայկական գյուղերով չունի մշտական գործող ոչ մի մշակութային օջախ, խորհրդային տարիներին հայաբնակ-հունաբնակ Ծալկայում գործել է հայկական ինքնագործ խումբ («Արևիկ» անվանումով), սակայն հույների զանգվածային արտագաղթն այնքան էլ «չհայացրեց» Ծալկան. այնտեղ վերջին տարիներին վրացա-աջարա-սվանական զանգվածային բնակեցումները նախկին շրջանը վերածեցին վրացականի։ Ներկայումս, չնայած հայկական բնակչության դեռևս գերակայությանը՝ Ծալկայի մշակութային միջոցառումները սահմանափակվում են միայն անվանի գուսան Հավասու օրվան նվիրված տոնակատարություններով։ Աշուղ Ալիք Ջավախքի նպատակն է, որ Ծալկան ևս դուրս չմնա ջավախքյան միջոցառումներից, վերադառնա ջավախքյան մշակույթի աշխարհ, սակայն տեղաշարժվելու միջոցների բացակայության պատճառով աշուղի կոլեկտիվների ձայնն այդպես էլ չի հասնում այդ վայրեր։ «Ես մեծ սիրով կընդունեմ Ջավախքի ամեն անկյունից՝ Ախալցխայից, Ասպինձա-Դամալայից, Նինոծմինդայից, Ծալկայից ու այլ վայրերից եկած հրավերները, մի փոքր տեղաշարժվելու միջոցն անգամ բավական է, որ մենք անենք մեր գործը։ Մենք մեր ազգայինից բացի մեր հանդիսատեսին զարմացնում ենք անգամ օտար պարերի կատարումներով, օրինակ, մեր աշակերտները Քոբուլեթում բացի հայկական ազգային-ժողովրդական պարերից, հայ ու վրացի հանդիսատեսի առջև հանդես եկան նաև վրացական կատարումներով՝ ապշեցնելով անգամ վրացական պարուսույցներին», իր խոսքում նշում է Աշուղ Ալիք Ջավախքը։
Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում, փաստորեն, Ախալքալաքից բացի, մշտական գործող հայկական մշակութային տուն գոյություն ունի միայն Նինոծմինդայում։
Կոլեկտիվներում ուսուցանող մասնագետների խնդիրը ևս առկա է Ախալքալաքի մշակույթի տանը. վերջիններս ընդգրկված են և աշխատում են կոլեկտիվներում՝ շնորհիվ ներդրված ջանքերի։ Այդ մասնագետների՝ Վրաստանում պատրաստելու կամ վերապատրաստելու մասին խոսելը ծիծաղելի կթվա, իսկ ՀՀ-ից նույնպես Ջավախք չեն շտապում այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Գյուղական վայրերում նույնպես ակումբների ղեկավարները իրենց ծրագրերն իրականացնում են այս մասնագետների օգնությամբ։
ՀՀ-ում (Երևանում) շատերը փորձում են Ջավախքի տարբեր աշուղների անուններով ստեղծել աշուղական դպրոցներ, ընդ որում՝ միայն ջավախքցի երեխաների համար։ Սակայն փաստ է, որ Երևանում սովորող շատ քիչ ջավախահայ երեխաներ են հետ վերադառնում Ջավախք։ «Եղբայր, մենք տեղում ունենք այդ ամենը, եկեք այստեղ՝ Ջավախքում զարգացնենք այդ ամենը, Երևանում կամ ՀՀ-ում թող լինեն Ջավախքի աշուղների անվամբ դպրոցներ, օրինակ՝ Ջիվանու անվան աշուղական հրաշալի դպրոցը, որը ստեղծել է պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը, սակայն եթե ուզում ենք տեղում մշակույթ զարգացնել, ապա այդ ամենը լինելու են այստեղ՝ Ջավախքի հողի վրա», շարունակում է Աշուղ Ալիք Ջավախքը։
Ախալքալաքի Ակումբների միությունը, իր բոլոր կոլեկտիվներով, գործում է Ախալքալաքի մշակույթի տան շենքում, ունի նաև շենքային պայմանների բարելավման կարիք։ Վերջիններիցս աշուղական դպրոցը արդեն մեկ տարի է, ինչ գործում է պետական միջոցներով, և վերջինիս ուսուցիչների համար աշխատավարձ է սահմանված Ախալքալաքի շրջանային բյուջեից։
Աշուղ Ալիք Ջավախքը մասնագետ-ուսուցիչների խնդրում նույպես գտել է ելքը. տարբեր աշակերտներ, որոնք ավարտում են այս կամ այն կոլեկտիվում, տեղում աշխատում են որպես ուսուցիչներ։
Մեր օրերում Ջավախքի մասին խոսողները շատ են, վերջինիս հեռվից կարոտողները՝ նույնպես։ Սակայն Ջավախքը դրանով չի ապրի։ Ջավախքը չի ապրի անգամ այն դեպքում, երբ այնտեղ այցելենք մի քանի տարին մեկ, մի խաչքար կամ եկեղեցի կանգնեցնենք, մի քանի մոմ վառենք, բարևենք գյուղի ծերերին, հիշենք մեր մանկությունը և... հեռանանք։ Ջավախքի հիմնախնդիրն այսօր, լինելով քաղաքական, հանդես է գալիս լեզվական-մշակութային տեսքով։ Ուստի՝ Աշուղ Ալիք Ջավախքի գործունեությունն այս իմաստով դադարում է լինել սոսկ մշակութային։ Այն առաջնահերթորեն հայրենապահպան գործ է։
Պատմությունը ցույց է տվել, որ այն ամենը, ինչը կառուցվում է օտար հողի վրա, երկար կյանք ունենալ չի կարող։ Օտար հողի վրա կառուցած կյանքը ևս շատ մոտ է կանգնած մահվանը։ Ավելի ստույգ՝ այդ կյանքը բարոյապես վաղուց է վախճանվել, իսկ սոսկ ֆիզիկական գոյությանը միթե՞ կարելի է կյանք անվանել։ Մարդ հավերժանում է միայն իր հայրենիքում՝ այնպես, ինչպես իր գործով Ջավախքում հավերժացել է արդեն մեզ հարազատ դարձած Աշուղ Ալիք Ջավախքը։
Աշուղ Ալիք Ջավախքի երգերի ջախջախիչ մեծամասնությունը Ջավախքի մասին են։ Այդ երգերը Ջավախքի լեռներից, ժայռերի ծերպերից, կարկաչահոս գետերից, լեռնային հրաշագեղ լճերից, ծաղկահովիտներից, հնամյա բնակավայրերից ու հայկական ճարտարապետության քարեղեն վկաների խորշերից, վերջապես՝ պարզ ու շիտակ ջավախքցու տանջված, բայց անկոտրում սրտերից աղաղակում են, որ լսի ողջ աշխարհը. Ջավախքը հայության հայրենիքն է, ներկայումս էլ՝ հայերի ջախջախիչ մեծամասնությամբ բնակեցված մի տարածաշրջան։ Աշուղ Ալիք Ջավախքը երբեք չի երկմտել՝ ի լուր աշխարհի ասելու այս ամենը։ Չի երկմտել՝ այնպես, ինչպես տարիներ առաջ Կարսում, թուրք հասարակության առաջ իր զիլ ձայնով չերկմտեց երգելու հանրահայտ «Ղարս, Ղարս,Ղարս, ... ե՞րբ պիտ նորից Մայր Հայաստանին վերադառնաս» երգը։
Վարձքդ կատար, սիրելի աշուղ, թող քո գործը օրինակ ծառայի բոլոր ջավախահայերի համար։ Քո «Ջավախքի կանչերը», հասնելով բոլոր պանդուխտ ջավախքցիների ականջներին, թող դարձի բերեն, հայրենական հողի վրա մեկտեղեն բոլորին։ Թող քո երգերը համայն աշխարհի ջավախահայության համար սթափումի կոչ, ահազանգ լինեն, լինեն առաջնորդող ուժ, և, ի վերջո՝ տունդարձի շքերթ։



Հավելված 1
Ներկայացվում են մի քանի երգեր՝ Ալիկ Քսպոյանի «Ջավախքի կանչը» (աշուղական երգեր, Թբիլիսի, 2005) գրքից։ Սկզբնամասի երգերը հրապարակի վրա կան նաև տեսաերիզի տեսքով՝ «Ջավախքի կանչը» - 3 խորագրի տակ

«ՋԱՎԱԽՔ» ՀԱՄՈՒՅԹԻՆ
Դու իմ մանուկ «Ջավախք» համույթ,
Անցար դժվար ճանապարհ,
Եվ լարելով քո ուժերը
Դու Ջավախքից դուրս ելար:

Մեր «Շորորը», «Կլոր պարը»,
«Ետ ու առաջ», թե «Բուլուլ»-
Հասցրեցիր շատ երկրներ
Եվրոպայից մինչ Աբուլ:

Աշխարհի մեծ փառատոնին,
Ներկայացրիր բոլորին
Քո Ջավախքի մեծ արվեստը,
Երգն ու պարը ազգային:

Եվ իմացան շատ վայրերում,
Որ կա փոքրիկ մի քաղաք,
Ուր գործում է հայոց համույթ
Անվանումով իր «Ջավախք»:

Ուր ազգն ունի հին պատմություն,
Հնամենի երգ ու պար,
Հայոց այս հին բնօրրանում
Կյանքն է հորդում անդադար:

Դուք առաջին ծիծեռնակներ`
Յայլաներից` Եվրոպա,
Կանաչ ճամփա ձեր բոլորին,
Եվ տեր Աստված` պահապան:

ԳԱՐՈՒՆԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ախ, շատ երկար սպասում ենք մենք գարնան,
Որ բարձրանանք մեր սարերը աննման
Եվ անթառամ ծաղիկներից Ջավախքի
Իմ յարի հետ փնջեր կապենք այս տարի:

Կրկներգ: Ուշ է գալիս մեր Ջավախքում գարունը,
Սիրուն սար է, հույսի լար է Աբուլը,
Նրա լանջին ման է եկել Քյոր-օղլին,
Ժողովուրդը շատ է սիրել հերոսին:

Գեղեցիկ են ծաղիկները Ջավախքի,
Հիշեցնում են աչիկները իմ յարի,
Գույներն ասես նկատել է Սարյանը,
Ախ, նրանցից փունջ է կապել իմ յարը:

Կրկներգ:

Սարի աղջիկ, հարբեմ հոտեդ նազելի
Կրծքիդ նուռը ծաղկից սիրուն է էլի,
Թախծոտ սիրտս քաղցր ձենիդ է կարոտ,
Դու իմ Շուշան, դու իմ պայծառ առավոտ:

ՋԱՎԱԽՔԻ ԽԱՂԻԿ
Խոսք` Գևորգ Սնխչյանի

Աչքս ընկավ ուսիդ խալին,
Մարմար կրծքիդ տաքուկ յալին,
Ո±նց չնայեմ ծնկիդ ծալին,
Մարալ աղջիկ, ասա, ո±ւմն ես:

Վանքի կամար` կեռման ունքդ,
Փոսիկ տվող այտդ, ունկդ,
Վարդի թերթիկ ալ շրթունքդ,
Մարալ աղջիկ, ասա, ո±ւմն ես:

Քո հայացքը ինձ գերել է,
Այս էլ ինչքա¯ն համբերել եմ,
Մտքով գրկել, համբուրել եմ,
Մարալ աղջիկ, ի°մն ես, ի°մն ես:

ԻՆՉ ԿՈՒԶԵԻ
Զրկանք տարավ իր ողջ կյանքում
Մեծ Ջիվանին, և խոր վիշտ,
Մահից հետո` ամբողջ ազգով
Գովերգում ենք նրան միշտ:

Կրկներգ: Ինչ կուզեի ես այս կյանքից,
Որ չլինի` ինչպես միշտ-
«Գնա մեռի, արի սիրեմ»,-
Որ մոռանաս քո մեծ վիշտ:

Կյանք չմնաց, կորավ հավատ,
Վատ է հիմա ամենքին,
Չեն հավատում շատ-շատերը
Իմ երգերին ու խոսքին:

Կրկներգ:

Շատ-շատերն էլ սպասում են,
Որ ես «գնամ», հետո «գամ»-
Այս կյանքի մեջ ապրեմ զրկանք,
Մյուս կյանքում` սեր ու փառք:

Կրկներգ:

ՄԵՐ ՓՈՂՈՑԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ
Մեր փողոցի սիրուն աղջիկ
Քայլվածքով քո երկնային,
Ո±նց դիմանամ այս բոլորին-
Նույնը եղավ և այսօր:

Կրկներգ:

Մեր այս ցավն էլ վերջ կունենա
Խոստովանքով քո անլուր,
Որ սիրել ես հենց ինձ նման,
Ամեն գիշեր, ամեն օր:

Կրկներգ:

ԻՄ ԽԵՂՃ ԵՐԳԻՉ
Իմ խեղճ երգիչ, այս աշխարհում անդադար
Սեր ես երգում քո Ջավախքից, կանչում յար,
Մեծ վարպետից դու ամաչիր, այ ընկեր,
Նրանից զատ ո±վ կարող է երգել սեր:

Ես լավ գիտեմ քո ասածը, բարեկամ,
Սիրո երգեր պիտի հյուսեմ, քանի կամ,
Այնքան պիտի սերս հայտնեմ ամենքին,
Որ աշխարհը լավ ճանաչի Ջավախքին...

- Միշտ գովում ես քո երգերում Ջավախքը,
Երկինք հանում այնտեղ ապրող հայ մարդը,
Ասում են, թե դու Ջավախքում ունես յար,
Որ քեզ համար աշխարհին է հավասար:

Գովելի է ժողովուրդս Ջավախքի
Շատ չքնաղ են աղջիկները մեր քաղքի,
Իմ յարի պես թե վարպետն էլ ունենար,
Երգից բացի` իր կյանքն էլ նրան կտար:

ՍԻՐՈՒՄ ԵՄ
Թե տար աստված նորից մի կյանք,
Չէի անի ոչ մի սխալ,
Դու մնացիր հեռու-հեռվում,
Այն հեռավոր Արևելքում:

Կրկներգ: Ախ, թե կրկին քեզ տեսնեի,
Կյանքում էլ լաց չէի լինի,
Կգովեի քեզ իմ երգում,
Կբերեի հավերժ իմ տուն:

Ես եմ միայն շատ մեղավոր,
Չեմ հասկացել քեզ այնքան,
Իմ ողջ կյանքում քեզ սիրել եմ
Եվ սիրում եմ այս անգամ:

Կրկներգ:

ԿԱՆՉԸ ՔՈ, ՋԱՎԱԽՔ
Խոսք` Գալուստ Սմոյանի

Կանչը քո, Ջավա°խք, իմ վառ օրրան,
Հերոսների տուն և փառք հաղթական,
Ճախրանք է, զարթոնք, երկինք աստղալից,
Սիրենք այգաբաց, ծով երգ խնդալից:

Կրկներգ: Ջավախք, քեզ մատաղ, լեռներիդ մատաղ,
Քաջ զավակներիդ` արծիվ ու անվախ,
Ջավա°խք, դյուցազուն քաջերիդ մատաղ,
Որ հերոսաբար հասել են Արցախ:

Կանչը քո, Ջավա°խք, միշտ անգին ու սուրբ,
Այնքան հոգեթով, թափանցող ու նուրբ,
Փաթաթված հոգուս ոսկե խոր լարին,
Որ սնում է իմ երգն աստվածային:
Կրկներգ:


ԱՌԱՆՑ ՍԻՐՈ
Ում նայեցի գեթ մեկ անգամ իմ կյանքում`
Անմիջապես ուզվոր եկավ նրանց տուն,
Ում դիմեցի երկու խոսքով կիսակամ`
Հաջորդ օրը հարսնացու էր պատվական:

Կրկներգ: Քանի¯ անգամ իմ սիրածին փախցրին,
Քանի¯ անգամ իմ սիրտը սուր խոցեցին,
Քանի¯ անգամ այրեցին ինձ կենդանի,
Այս ցավի դեմ խեղճ Ալիկս ի±նչ անի:

Մտածեցի` էլ ոչ մեկին չնայել,
Որոշեցի` էլ ոչ մեկին չսիրել
Եվ ցանկացա ապրել ինչպես վանական,-
Այս ամենը խելքի բան չէ, սիրեկան:

Կրկներգ:

Տարիներ անց ես հասկացա, բարեկամ,
Որ առանց սեր չկա կյանքում ոչ մի բան,
Առանց սիրո դու չես ապրի, իմ Ալիկ,
Ինչքան էլ որ լինես սրտով անառիկ:

Կրկներգ:

Գովք Ջավախքի
Դու հնագույն երկիր քաջի,
Փառքի, բախտի իմ օրրան,
Աբուլդ՝ արքա քո Ջավախքի,
Երկիր դու իմ հայրենի։
Կրկներգ.
Փառք քեզ Ջավախք, բախտ քեզ, Ջավախք,
Դարեր անցար ահավոր
Քայլիր Ջավախք, փայլիր Ջավախք,
Դարեր ապրիր փառավոր։

Քո Փարվանան՝ լույս թագուհի,
Շուրթին՝ խոսքը Տերյանի,
Սեր է երգել կույր Հավասին,
Որ իմացողը ա՜խ կանի։
Կրկներգ։

Քաջ ու հզոր դու իմ Ջավախք,
Հանճարների դու երկիր,
Քո հանճարեղ մեծ Ջիվանին
Նոր խոսք ասաց աշխարհին։
Կրկներգ։

Բայց ամենամեծ հանճարդ
Ժողովուրդդ է քո հանճարեղ,
Բարի, համեստ ու մարդասեր,
Քաջ ու հզոր, հյուրասեր։
Կրկներգ։

ԱՌԱՋԻՆ ՍԵՐ
Ասում են, թե սիրո համար չկա տարիք, երևի,
Առաջին սեր` հրաշք աղջիկ, գոնե երազով արի,
Գեթ մի վայրկյան քեզ հետ լինեմ, նորից ապրեմ մուրազով,
Հետո թեկուզև չլինեմ` դարդ չեմ անի դարերով:

Կրկներգ: Արի, արի, սիրուն աղջիկ,
Համեստ աղջիկ Ջավախքի,
Իմ կյանք, իմ սեր, վառման հույսեր,
Առաջին սեր, տուն արի:

Ես երգում եմ սերը անշեջ, որ այրում է բոլորին,
Ով դուք, մարդիկ, սիրեք, սիրվեք, սա է մնում այս դարից,
Ձեր ապրածը, ձեր սիրածը իզուր չանցնի այս կյանքում,
Ա¯խ, երանի հրաշք լինի, մարդ սեր տանի աշխարհից:
Կրկներգ:

Սիրո մասին գրել են շատ բանաստեղծներ անվանի,
Սերը երգել, սիրով տարվել, սիրով վառվել, հիրավի,
Թե ցանկանա սերը գովել` խեղճ երգիչս ի±նչ անի,
Թե ցանկանա սերը երգել` խեղճ Ալիկս ո±նց անի...
Կրկներգ:

ԻՄ ԳԵՂԵՑԿՈՒՀԻ
Աչքերդ ծով, ինչպես լիճը Փարվանա,
Ախ, նայվածքդ ինձ գերել է, հավատա,
Սպիտակ է քո մարմինը, ինչպես ձյուն,
Իմ հրեշտակ, իմ աննման, արի տուն:

Ինչպե±ս գովեմ, ի±նչ երգ ասեմ քեզ համար,
Չունեմ մի խոսք, չկա մի երգ քեզ հարմար,
Ես քեզ գովեմ, թող աշխարհը իմանա,
Դու Ջավախքի գեղեցկուհի, իմ Աննա:

Արար աշխարհ ես ման եկած մի տղա,
Սիրունների հազարներով ես տեսա,
Հավատացեք ինձ իմացող հայ մարդիկ-
Մեր աղջիկներն են բոլորից գեղեցիկ:

ՋԱՎԱԽՔԻ ԿԱՆՉԸ
Կանչիր, Ջավախք, զավակներիդ,
Թող որ լսեն քո կանչը,
Բոլորը տուն վերադառնան,
Հզոր լինի քո աջը:

Թող բոլորը վերադառնան`
Կանգուն լինես, ինչպես միշտ,
Ծաղկած տեսնեմ մեր երկիրը,
Գոյատևես առանց վիշտ:

Լոկ հիմարը չի հասկանա
Ցավն այսօրվա Ջավախքի.
Հեռանում են զավակներդ,
Հեռանում են ապրուստի:

Կանչիր, Ջավախք, կանչիր նորից,
Գուցե լսեն այս անգամ.
Զավակները քո հեռավոր,
Զավակները քո հայկյան:

Համայն Սփյուռք այս աշխարհում,
Աստված լսի թող քո կանչը,
Խաղաղ ապրիր, իմ օրրան,
Արդար է քո պահանջը:

ԱԲՈՒԼ ՍԱՐԸ
Երազ տեսա ես այս գիշեր ցանկալի,
Աբուլ սարը դարձել էր մի բանալի,
Անմատչելի դուռ էր բացում մեզ համար,
Ուրախ էինք մենք ազգովի, շատ ուրախ:

Պարում էին բազում մարդիկ խմբովի,
Երգում էին փառքի երգը լեռների,
Ուրախ էինք և երգեցինք մինչև լույս.
Վեհ Աբուլը պարգևում էր մեզ մեծ հույս:

Աղոթեցինք մենք Աստծուն, որ տա կամք
Եվ խնդրեցինք մենք նրանից ազգովի,
Որ Աբուլը հավերժ մնա մեր արքան,
Իսկ Մասիսը կրկին դառնա Հայաստան:

ՋԱՎԱԽՔԻ ՎԱԼՍԸ
Խոսք` Մկրտիչ Քթոյանի

Գարուն է եկել, գարուն է եկել,
Ջավախք աշխարհին երգ ու խինդ բերել,
Գարուն է եկել, գարուն է եկել,
Մեր Աբուլ սարի ձյունն է տարել:

Կրկներգ: Ջան, ջան, գարուն է եկել,
Ջան, ջան, երգ ու խինդ բերել,
Ջան, ջան, երգեք ու պարեք,
Ջան, ջան, զնգուն ծիծաղեք,
Հոպ, հոպ, ձեր ցավը տանեմ,
Հոպ, հոպ, ձեզ մատաղ լինեմ:

Գարուն է եկել, գարուն է եկել,
Սիրող սրտերում նոր սեր բորբոքել,
Գարուն է եկել, վառ գարուն եկել,
Ջավախք աշխարհին հույս ու սեր բերել:

Կրկներգ:

Գարուն է եկել, գարուն է եկել,
Մեր Սրբի սարը զմրուխտ է հագել,
Գարուն է եկել, գարուն է եկել,
Թափարվան գետի ջուրն է վարարել:

Կրկներգ:

ՆՈՐ ՏԱՐԻ
Կուզեմ դառնալ Ձմեռ պապի`
Ոսկե ձկնիկն իմ ձեռքին,
Ձյունանույշի հետ միասին
Գնամ, հասնեմ բոլորին:

Կրկներգ: Երգենք, պարենք, իմ ժողովուրդ,
Բարի լինենք, բախտավոր,
Աստված տեսնի մեր արածը,
Մեզ հետ լինի ամեն օր:

Եվ ցանկանանք մենք այս տարի,
Մարդկանց կապույտ, ջինջ երկինք,
Թող ունենան նրանք բարիք,
Ազատ, անկախ Հայրենիք:

Կրկներգ:

Թող միշտ լինի ուրախություն,
Որդու ծնունդ, հարսանիք,
Աղջիկներին` ծաղիկ ու սեր,
Մանուկներին` խաղալիք:

Կրկներգ:

Նվերներով, համբույրներով,
Գնամ, հասնեմ բոլորին,
Շնորհավոր նոր տարի է
Մաղթում Ջավախքը բոլորին:

Կրկներգ:


ԱՅՍՏԵՂ ՄՆԱ
Այլ երկրներ լավ է գնալ,
Ապրել անհոգ ու հանգիստ,
Բայց դու փորձիր այստեղ մնալ,
Դժվար կյանքին դիմանալ:

Այստեղ մնա, մի հեռանա,
Ուր կա հոգս ու չարչարանք,
Ծառայիր քո ժողովրդին
Այս դժվարին օրերին:

Թե չէ, տաքուկ երկրներից
Հաճախ ձայներ են գալիս,
Թե դիմացիր, իմ ժողովուրդ,
Մենք քո ցավն ենք միշտ լալիս:

Ուր էլ գնաք, ուր էլ լինեք,
Հարուստ լինեք, կամ թե խեղճ,
Իմ հեռավոր հարազատներ,
Մի մոռացեք բույնը ձեր:

Դուք լավ գիտեք մեր երկիրը
Այստեղ ձերն է ամեն բան,
Բայց ցավն այն է` վերջը վերջով
Դուք տուն կգաք անպայման:

Կգաք նորից, լավ է` ջահել,
Ահել օրին ո±վ է պետք,
Աստված օգնի` վերադառնաք
Ձեր Ջավախքը բարձր ու վեհ:

ՁՈՆ ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
Դու Ջավախքի հերոս զավակ
Եվ հայության մեծ գործիչ,
Օգնում էիր շատ-շատերին,
Աղքատներին` դու փրկիչ:

Այն թեժ պահին օրհասական
Մինչև Արցախ դու հասար,
Ազգիդ համար հերոսական
Դարձար Պողոս Առաքյալ:

Հարստության չձգտեցիր`
Ունեիր մեծ նպատակ,
Հոգով էիր դու շատ հարուստ,
Աստծուն էիր հպատակ:

Քեզ խնայեր գոնե Աստված,
Երբ չօգնեցին օրհասիդ,
Ինչո±ւ զգույշ դու չապրեցիր,
Իմ սիրելի Պողոսիկ:

Շուտ հեռացար դու այս կյանքից,
Բայց հիշում են քեզ մարդիկ,
Նվիրում եմ ես էլ երգս,
Որպես հոգու երախտիք:

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ
Դուք կյանք մտաք հզոր թափով,
Դարձաք մարդիկ պիտանի,
Թե մեր գյուղին, թե Ջավախքին,
Հայոց ազգին արժանի:

Որտե±ղ եք դուք հիմա, արդյոք,
Դպրոցական ընկերներ,
Ձե±զ էլ է մեր հայի բախտը
Աշխարհով մեկ, ախ, ցրել:

Երանի թե մի անգամ էլ
Շտապեինք հավաքի,
Բարձրանայինք Սրբի սարը,
Ընկերական խնջույքի:

Ու պատմեինք` ի±նչ ենք արել
Երեք տասնյակ տարիներ,
Քանի± զավակ դաստիարակել,
Ի±նչ բարի գործ կատարել:

Ես մեծ սիրով ու հարգանքով
Միշտ խոսում եմ ձեր մասին,
Ձեզ հիշում եմ մի խոր սիրով,
Իմ այս երգն էլ` Ձեր թասին:


Հավելված 2
Մշակույթի տների բացումը հիմնախնդիրները չլուծեց {3}

Շուշան ՇԻՐԻՆՅԱՆ, Ախալքալաք

Ընթացիկ տարի Ախալքալաքի քաղաքապետարանի 11 գյուղերում բացվեցին մշակույթի տներ, թեպետ դրանք կրկին հիմնախնդիրներ ունեն և ավելի շուտ բացված տների հիմնախնդիրներն էլ կարգավորված չեն։
Քաղաքապետարանի Խոսպիա, Կորխ, Սուլդա, Օրջա, Մեծ Սամսար, Հոկամ, Բեժանո, Մերենիա, Աբուլ, Ղադո և Ազավրեթ գյուղերում այս տարի բացվեցին մշակույթի տներ։ 2009թ. տեղական բյուջեից գյուղերի մշակութային տների վերականգնման համար առանձնացվել էր 35.000 լարի։ Թեպետ, առանձին գյուղերում շենքերը նորովի շինարարության կարիք ունեն։ Կարտիկամ և Կարծախ գյուղերում մշակույթի տան շենքերը գրեթե ավերված են։ Նոր շենքեր կառուցելու անհրաժեշտություն կա նաև Սուլդա և Հոկամ գյուղերում։
«Առանձին մշակույթի տան վերանորոգման համար անհրաժեշտ է 15 հազար լարի, առանձին շենքերի համար 1000 լարին էլ բավական է։ Բացի այդ, գիտեմ, որ «Գյուղի օժանդակության նախագծի» շրջանակներում առանձնացված գումարի մի մասը բնակչությունը կհատկացնի մշակույթի տան վերանորոգման համար», ասաց մշակույթի տների միավորման տնօրեն Ալիկ Քսպոյանը։ Ալաստանի մշակույթի տան տնօրեն Գրիշա Մելիքյանն այս ոլորտում աշխատում է 1971 թվականից։ Նա ասում է, որ գյուղի մշակույթի տան շենքը ավերված է. «Մայիսի 9-ին մի փոքր համերգ կազմակերպեցինք, և հանդիսատեսները նստեցին դահլիճի միայն առաջամասում, քանզի մնացած տեղերը վտանգավոր են»։
Գրիշա Մելիքյանն ասում է, որ մշակույթի տան դահլիճում միջոցառումների անցկացումը վտանգավոր է, սակայն ժամանակին նրանց գյուղի մշակույթի տունը քաղաքապետարանում առանձնահատուկ էր գործում։ «Ունեինք թատերական, էստրադային խմբակներ, երգի ու պարի համությներ։ Մեր խմբերը միշտ հյուրախաղերով հանդես էին գալիս քաղաքապետարանի գյուղերում։ Այստեղ անցկացված միջոցառումներն ու թատերական ներկայացումները դիտելու համար հանդիսատեսներ էին գալիս նաև հարևան գյուղերից»։
Թե տեղական բյուջեից ինչ գումար են հատկացվում վերանորոգման համար, մշակույթի տան տնօրենը չի հիշում, թեպետ նշում է, որ այդ գումարը չի բավարարում տանիքի վերանորոգման համար. «Իսկ մեզ համար գլխավորն է, որ տանիքից ջուր չկաթի։ Այդ գումարով կկարողանանք փոխել միայն պատուհանները։ Ավելի շատ հատկացնել չեն կարող»։
Մշակույթի տների տնօրենները պետք է մշակած ունենան ծրագրեր, նրանք նաև պետք է կազմակերպեն միջոցառումներ, որոնցով ներկայանալու են մունիցիպալ փառատոններին։ Նրանց աշխատավարձն այս տարի 60-ից հասցվել է 115 լարիի, թեպետ միաժամանակ ավելացել է նաև այն գումարը, որը նրանք ամեն տարի փոխանցելու են մշակույթի տների միավորմանը։ Եթե անցյալ տարի այդ գումարը կազմում էր 90 լարի, ապա այս տարի այն հասել է 180 լարիի։
«Ծրագիր բոլորն էլ ունենալու են և աշխատելու են դրան համապատասխան։ Տնօրենները պետք է ներկայացնեն կատարած աշխատանքի հաշվետվությունը։ Մշակույթի տների անցյալ տարվա աշխատանքից գոհ եմ, բոլոր գյուղերում թեկուզև մի խմբակ բացվել է։ Ցանկանում եմ նշել, որ տևական դադարից հետո վերագործարկումը մի փոքր դժվար է», ասաց Ալիկ Քսպոյանը։
Տնօրեններն ասում են, որ դժվարությամբ են հավաքում այդ գումարը և հաճախ ստիպված դիմում են այլ մեթոդների որոնումներին։
«Ունենք թատերական, երգի, պարի, շախմատի և շաշկու խմբակներ։ Եթե համերգ ենք անցկացնում, ապա պարտադիր կարգով տոկոսները վճարում ենք։ Մի անգամ 60 լարի փոխանցեցի, երկրորդ անգամ՝ 40։ Տոմսը 1 լարիով ենք գնահատում, ավելի բարձր գին դնել հնարավոր չէ, քանի որ համերգին ոչ ոք չի գա», ասաց Բուռնաշեթի մշակույթի տան տնօրեն Կամո Ավետյանը։
Բուռնաշեթի մշակույթի տան շենքը եռահարկ է։ Չորս տարի առաջ, գյուղի դպրոցի հրդեհից հետո, դպրոցը տեղափոխվեց մշակույթի տուն։
Խորենիա գյուղի մշակույթի տան տնօրեն Արևիկ Ֆիդանյանը չգիտի, թե ինչպես վճարի հարկը, քանզի եկամուտ չունեն։
«Մեզ մոտ անցկացվում են վերջին զանգի և «Հրաժեշտ այբբենարանին» օրերը, սակայն այս միջոցառումներից եկամուտը շատ քիչ է։ Չգիտեմ, թե 180 լարի ինչպես եմ հավաքելու։ Այլ վայրերից հյուրեր չենք ընդունում, թեպետ նրանք էլ չեն գալիս», ասաց Արևիկ Ֆիդանյանը։
Քաղաքապետարանի մյուս գյուղերում մշակույթի տները կրկին բացման սպասումների մեջ են, թեպետ նախանձելի վիճակ ոչ էլ այն գյուղերում է, որտեղ հաստատություններն արդեն բացված են, քանզի միայն բացումը հիմնախնդիրները չի կարգավորում։



{1} Հատված Ալիկ Քսպոյանի «Ջավախքի կանչը» (աշուղական երգեր, Թբիլիսի, 2005) գրքի առաջաբանից (էջ 4)։
{2} Քիչ թե շատ մշակութային-ազգապահպան գործունեություն է ծավալում Ախալցխայի երիտասարդական կենտրոնը (հիմնված 2006թ.` տեղի երիտասարդության նախաձեռնությամբ և Հայ Օգնության Միության Ջավախքի օգնության ծրագրերի հանձնախմբի օժանդակությամբ: Սա Սամցխեի տարածքում գործող միակ երիտասարդական-մշակութային հայկական օջախն է, որտեղ այցելում են տեղի արվեստասեր ու շնորհալի երիտասարդները` փորձելով այդպիսով անսասան պահել ու համահայկական փառատոներում ներկայացնել պատմական Ախալցխայի ոգեղեն մշակույթը):

{3} Հոդվածն արտատպվում է առանց փոփոխությունների՝ «Հարավային Դարբաս» թերթի N 20 (244) (հունիսի 15, 2009թ.) համարից։ (Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի անկախ հասարակական-քաղաքական թերթ «Հարավային Դարբաս»։ Հրատարակիչ – Միություն «Հարավային Դարբաս», հաստատված է 25.05.2005, #02211/07/2005։ Գլխավոր խմբագիր՝ Լելա Ինասարիձե, խմբագիրներ՝ Ռիմա Ղարիբյան և Նինո Նարիմանիշվիլի։ Հասցեներ՝ ք. Ախալցխա, Ռուսթավելու փողոց 39, Ախալքալաք, Նալբանդյան փողոց 45):

 


 

Top

Դեպի համույթի ղեկավարի վահանակ | To the group manager panel | На панель руководителя ансамбля >

 

 

Top

 
 
Copyright © 2008 - Javakhk Songbook
Reproduction in full or in part is prohibited without reference to
JavakhkMusic.com