Javakhk Music  

Գուսան Ֆիրաղի, բանաստեղծություններ

Gusan Firaghi , lyrics
Гусан Фираги, поэзия

Հեղինակի մասին | About the author | Об авторе

ԳԻՇԵՐ-ՑԵՐԵԿ ...

Գիշեր-ցերեկ կրակովդ
Վառեցիր ինձ, խարակ էրիր,
Առաջդ լալով, ողբալով,
Լեզուս լարից բարակ էրիր։

Խռովար, խոլոր աշեցիր,
Հալեցիր, կյանքս մաշեցիր,
Սավդադ ինձանից քաշեցիր,
Էրված սրտիս կրակ էրիր։

Ես Ֆիրաղն եմ, դարդս հազար,
Բարակ մեջքիդ նախշուն մեզար,
Էդ խոսքերը, որ դու խոսար,
Ջիգրիս սուր ու դանակ էրիր։

ԽԱՐԱՊԱ ԷՐ ...

Խարապա էր Տաշվան- թափեն,
Բլել էր ձներու շափեն,
Աղջիկները մանչ կխաբեն,
Շորորա, թառլան, շորորա։

Աղբրի առաջն էր առու,
Ցարս ընկավ ինձեն հեռու,
Պաքմ տվեց տեյի հերու, -
Շորորա, թառլան, շորորա։

Անուշ էր աղբրի ջուրը,
Ելա կայնա բակի դուռը,
Խաբար տարավ պզտի քուրը,
Շորորա, թառլան, շորորա։

ԵՍ ԿԵՐԹԱՄ...

Այս աշխարհում դարդիս մի ճար չգտա,
Խոր վշտերս ծով են դարձել, ես կերթամ,
Զօր ու գիշեր հանգիստ չունեմ, քուն չունեմ,
Իմ ցավերը սայլին բարձած` ես կերթամ։

Արցունքս լիճ է դարձել, հոգիս խոցվել,
Վշտերիս չափ չկա, հոգիս խռովել է,
Սիրտս գազազել է, ալեկոծվել է,
Ես գարնան հեղեղի պես լցվել եմ, կերթամ։

Ֆիրաղին եմ` կարոտ մեր հին կողմերին,
Մեր սարերին, քաղաքներին, գյուղերին,
Խաբար կառնեմ թռչուններից, հողմերից,
Հայրենի սահմանները անցել եմ, կերթամ։

ԱՎԱ˜Խ

Չկշտացա յարիս սիրուց, կարոտից,
Օտար ճամփաներով գնում եմ, ավա՜խ,
Շնորհակալ եմ մեծ ու փոքրից, բոլորից,
Վիրավոր եմ, վերքս ծանր է, ավա՜խ։

Խելագար եմ դառել, լալիս եմ, լալիս,
Այգիս ավերակ է, ծաղիկ չի տալիս,
Անհամար դարդերս միտքս են գալիս,
Աչքերիցս արցունք թափում եմ, ավա՜խ։

Ստեղծող, Ֆիրաղին եմ, աղերսում եմ քեզ,
Յոթվերքից ուզում եմ բախտ ու մուրազ ես,
Էլ ուրիշ ճար չունեմ, եկել եմ հանդես,
Ճամփես սարերով հարթում եմ, ավա՜խ։

Ի՞ՆՉ ԱՆԵՄ...

Բժիշկ չունեմ ինչպե՞ս պատմեմ դարդերս,
Գազազել եմ, դադար չունեմ, ի՞նչ անեմ,
Անիրավ աշխարհը ինձ արեց յարից,
Ես իմ ցավին էլ ճար չունեմ, ի՞նչ անեմ։

Սրտումս բացվել է անչափ խոր մի վերք,
Ես ում որ սիրեցի, խլեցին տարան,
Աշխարհում ողբալի, խղճալի դառա,
Մի մեծ ողբ ու վթար ունեմ, ի՞նչ անեմ։

Ֆիրաղին եմ, վրդովվել եմ, լալիս եմ,
Վիշտ ու ցավով սիրտս լցրած գալիս եմ,
Հոգս ու խնամք ես իմ յարին տալիս եմ,
Բայց զգում եմ, էլ յար չունեմ, ի՞նչ անեմ։

ՈՎ ՄԱՏԱՂ ԼԻՆԻ

Սպիտակ այտերիդ սև-սև կամարներ,
Այդ սևուկ խալերիդ ո՞վ մատաղ լինի,
Ամբողջ աշխարհում չկա նմանդ,
Այդ դեմքիդ, մազերիդ, ո՞վ մատաղ լինի։

Սուլթան - Սուլեյմանն էլ զրկվեց իր թախտից,
Ձեռք քաշեց յարից, ժպտացող բախտից,
Սոխակները այգում երգում են նորից,
Այդ լեզվիդ, բառերիդ ո՞վ մատաղ լինի։

Ֆիրաղին եմ, յարիս գովել եմ իմ սազով,
Տարվել եմ ես ինձ գերող նրա վարքով,
Քրտինքս սրբեց նա ալ թաշկինակով,
Այդ նազուկ ձեռքերիդ ո՞վ մատաղ լինի։

 

Top

 
 
Copyright © 2008 - Javakhk Songbook
Reproduction in full or in part is prohibited without reference to
JavakhkMusic.com