Javakhk Music  

Գուսան Մաթին, բանաստեղծություններ

Gusan Mathin , lyrics
Гусан Матин, поэзия

Հեղինակի մասին | About the author | Об авторе

ՍԻՐՈՒՆՆԵՐ

Ես որ մեկիդ լինեմ ծառա,
Աչքերդ պայծառ, սիրուններ,
Հագուստներդ նուրբ մետաքսից,
Հասակներդ ծառ, սիրուններ։

Ճակատներդ նորած լուսին,
Ափսոս, պահում եք քողի տակ,
Թարթիչներդ մեկ - մեկ նիզակ,
Մազերդ անտառ, սիրուններ։

Լեզվով մարդկանց գրավում եք,
Նազով նրանցից ցավում եք,
Քայլելիս դուք կաքավում եք,
Աշխույժ եք ու վառ, սիրուններ։

Միջլիս անեք սիրո բաղում,
Քաղցր ձայնով երգում, խաղում,
Աչքով, ունքով սիրտ եք դաղում,
Ա՜խ, երանի ձեզ, սիրուններ։

Սայաթ - Նովան շարվե-շարան՝
Դարդեր ուներ յարի համար,
Քանի մեկ քաջեր մահացան՝
Լինում եք պայծառ, սիրուններ։

Ջիվանին ձեզ ձոնեց խոսքեր,
Աչքերդ ծով, հոնքերդ կեռ,
Բարակ մեջքերիդ էլ ոսկե՝
Կապել եք գոտի, սիրուններ։

Ծիծաղում եք, վարդ է բացվում,
Հազար տեսակ զարդ է բացվում,
Իմ սրտի մեջ դարդ է բացվում,
Հոգի հանող, չար սիրուններ։

Մաթինն եմ, ձեռքիս սազ ունեմ,
Հարուստ եմ, շատ ալմազ ունեմ,
Ձեր գովքի մեջ էլ մաս ունեմ,
Համեստ ու համառ, սիրուններ։

ԻՆՉ ԱՆԵՄ

Հայրենիքից դուրս եմ եկել ես այսօր
Ամբողջ ճամփես անձրև թափվեց, ինչ անեմ,
Տամալայում երեք աղջիկ ես տեսա,
Սայթաքեցի, թևս ցավեց, ի՞նչ անեմ։

Մեկը անզուսպ, չափը չգիտեր բերանի,
Աթարից սև, չտեսնեի, երանի,
Մի խոսք ասաց, խիստ ցավեցի նրանից,
Սրտիս վրա կրակ դրեց, ի՞նչ անեմ։

Մեկը ձեռքին մի մաղ ուներ սազելի,
Ինքը հրեշտակ, մահիլ եղա մազերին,
Նա ինձ խղճաց ափսոսաց նազելին,
Քաղցր լեզվով ինձ փայփայեց, ի՞նչ անեմ։

Ես ձեզ տեսա խելառ-խելոք վարմունքով,
Ճամփես շաղվեց զարդարանքի ծաղկունքով,
Սիրտ եք դաղում խումար ու սև աչքունքով,
Դարդ ու ցավը մեջքս ծռեց, ի՞նչ անեմ։

Անունս Մաթին է, մի աշուղ եմ ես,
Լսեցեք թե ինչ ասելիք ունեմ ձեզ՝
Եղեք համեստ, ամոթխած ու հեռատես,
Ձեր վարմունքը հոգիս հանեց, ի՞նչ անեմ։

ԵՍ ՀՈՒՅՍ ՉՈՒՆԵՄ

Սիրահար եմ սիրունների,
Դարդ ունեմ ու դարման չունեմ,
Իզուր հոգսի եմ տիրացել,
Կարծես ուրիշ էլ բան չունեմ։

Գեղեցիկն է տարել ինձի,
Երգիչ արել, վառել ինձի,
Սիրո ծառա արել ինձի,
Բայց կարծում են, որ յար չունեմ։

Ես Մաթինն եմ խալխի ծառա,
Մի Լեյլի Մեջնուն ես դառա,
Կարծում եմ, թե յարիս առա,
Բայց իզուր է, էլ յար չունեմ։

ՍԻՐՏՍ ՀՈՎԱՆԱ

Ստեղծող, քեզանից մի խնդրանք ունեմ,
Այնպիսի մի յար տուր, սիրտս հովանա,
Բոյը երկար լինի, մեջքը բարալիկ,
Այնպիսի մի յար տուր, սիրտս հովանա։

Ամոթխած, համեստ, հասկացող, գիտակ,
Դարդիս դարման լինի, վարմունքով շիտակ,
Խնձորից էլ կարմիր, թղթից էլ ճերմակ,
Այնպիսի մի յար տուր, սիրտս հովանա։

Մաթինն եմ՝ կարոտով իմ յարի համար,
Փնտրել ու չեմ գտել ծով դարդիս մի ճար,
Ոչ շատ սպիտակ, ոչ՝ սև, ճաշակիս հարմար,
Քիչ դուրեկան լինի, հոգիս զորանա։

ԼԱՎ է ԱՅՐՎԵՄ

Քաղցրալեզու գեղեցկուհուն տեսնելիս՝
Դարդ ու ցավը մարդու սրտից վազ չի գա,
Ամեն անգամ վարդի կողքով անցնելիս,
Ինչպես լինի, սիրտդ տեղից ժաժ կգա։

Ինչպես որսամ սեգ սարերի մարալին,
Տեսնելուն պես սիրտս կլինի յարալի,
Զօր ու գիշեր կանչում եմ, թե յար արի,
Միայն նա է ինձ փրկողը, ճար չկա։

Երեսն արև, սև հոնքերը աչքերին,
Կուրծքը դրախտ, բոյը թելլի, մի փերի,
Նա իմ տերն է, ես էլ նրա լոկ գերին,
Նրա ձեռքից ազատվելու ճար չկա։

Սև, սև աչքեր, կամար հոնքեր աղեղված,
Հոգիս հանել, սիրտս թողել միշտ դաղված,
Մաթինն եմ ես կրակներով խորովված,
Լավ է այրվեմ կայծակովն այն աղջկա։

ՉՄՆԱՑ

Ինչ օրից ինչ օրի մնացինք, աստված,
Հին ժամանակներից ադաթ չմնաց,
Երբ բազեն ու ցինն են ոսկերիչ դարձել,
Լալ-մարջանի վրա էլ փառք չմնաց։

Սառնամանիքն է տիրել, ասացին՝ հե՜յ վախ,
Ոչ ոք չի տեսել բերք տվող ղավաղ,
Սուտասան՝ քարոզիչ, լսողը սավաղ,
Ներկա մարդու վրա հարգանք չմնաց։

Գինը չգիտեն, թանկ ու էժան են ծախում,
Խամ ուլունքը ջավահիրի հետ խառնում,
Կաշառքի համար են անզուսպ դողդողում,
Ճիշտ դատաստան, օրենք, էլ կարգ չմնաց։

Վատ օրերը եղան մեկմեկին հաջորդ,
Դարդ ու վիշտ է պատել անսովոր ու խորթ,
Ջահելները անզուսպ, բերանները ճոռթ,
Խղճուկ Մաթին, նամուս, էլ հարգ չմնաց։

ԽՐԱՏԱԿԱՆ

Այս երազկոտ աշխարհում լայնարձակ՝
Լավությունն է մնում, ով մարդիկ,
Չէ՞ որ կյանքն է այս աշխարհից անցողիկ,
Լավությունը թող աշխարհին ու գնա։

Էն չար մարդը ի՞նչ է տարել մի օգուտ՝
Էս շեն աշխարհից իր սրտով անգութ,
Կհայտնվեն նոր մանուկներ, նոր սերունդ,
Լավությունը թող սերնդիդ ու գնա։

ԻՄ ԽՈՍՔԵՐԻՆ ԱԿԱՆՋ ԱՐԱ

Արի պարոն, դառիր պարոն,
Իմ խոսքերին ականջ արա։
Սիրտս մի խանութ է բացել՝
Մոտից անցիր, բազար արա։

Թանկ մի ծախե էժան մալը,
Մի խառնե հարյուրհազարը,
Ճիշտ ուղիով գնալ գալը՝
Վայել է, անցիր ու գնա...

Մաթին, որքան ապրես, երգես,
Աստված հոգիդ կառնի ձեռքեդ,
Առաջ ինքդ խրատի քեզ,
Հետո խալխին քարոզ արա։

ԴՈւ ԱՆԻՐԱՎ

Դու անիրավ հուրի-փերի,
Քո աշուղին ի՞նչ արեցիր։
Մեջքս արիր կոր ու կեռման,
Բոյս անգամ թալանեցիր։
Երդում արիր, խոսք տվեցիր,
Ձեռք քաշեցիր, բեզարեցիր,
Մի հասարակ ծառ կարծեցիր
Եվ ճյուղերս կտրատեցիր։

Թե թիկունքս եղավ նաշար,
Էլ ու՞մ ասեմ ջան ու հաջան,
էս ինչ արիր դու դավաճան,
Սիրտ-ջիգյարս դու դաղեցիր։

Մաթինն եմ, ում պատմեմ դարդս,
Կորավ խինդս, կորավ զարդս,
Թառամեց վառ սիրո վարդս,
Բաղ ու բախչաս կողոպտեցիր։

***
Հասկացողը շուտ չի մտնի ասպարեզ,
Նվագողի համար խաս դաստան է պետք,
Մեկ - երկու խաղով մի մտնի մեյդան,
Մեյդան եկողին խելք ու միտք է պետք։

Ընտիր հալվան անփորձ ձեռքով չի լինի,
Ամեն սուլթան հմուտ, խելքով չի լինի,
Բերդ կառուցող միայն խոսքով չի լինի,
Գործին հարմար, նուրբ կառուցող մարդ է պետք։

Մաթինն եմ, դարդս թող տալ չի կարող,
Սարի մարդը ծովում լող տալ չի կարող,
Ամեն խոսք մեջլիսին շող տալ չի կարող,
Աշուղի ասածը միշտ սազական չի լինի։

 

Top

 
 
Copyright © 2008 - Javakhk Songbook
Reproduction in full or in part is prohibited without reference to
JavakhkMusic.com