Javakhk Music  

Գուսան Սիայի, բանաստեղծություններ

Gusan Siayi, lyrics
Гусан Сиаи, поэзия

Հեղինակի մասին | About the author | Об авторе

ՄԱՐԻՆԱ

Սիրտդ բարի, դեմքդ չքնաղ,
Աչքերդ կապույտ, Մարինա,
Երեսիդ վրա ամեն չաղ,
Կա քաղցր ժպիտ, Մարինա։

Քեզ տեսնելիս սիրտս Է վառվում,
Ուշք ու միտքս գլխես տարվում,
Ամենքի հետ քաղցր ես վարվում,
Չես հպարտ, կոպիտ, Մարինա։

Ջուր գնալիս մեր քուչով եկ,
Դեպ Սիային նայիր մեկ - մեկ,
Ծալ - ծալ թափած մազերդ շեկ.
Քյանց խաղողի ճիթ, Մարինա։

ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ

Աղբյուրի մոտ տեսա մեկ գեղեցկուհի,
Ասի՝ երանի, ու՞մ յարն ես դու, գյոզալ,
Էլ չափ չկա, որ գին դնի քո բոյին,
Ջավահիր հանքի քարն ես դու, գյոզալ։

Ասացի անխիղճ ես, տվիր ինձ տանջանք,
Բոյդ սալվի - չինար, շրթունքներդ մարջան,
Մի նայվածքդ արժե Ղարաբաղ - Գյանջա,
Ողջ Վրաստանի թայն ես դու, գյոզալ։

Ասի` ես հիվանդ եմ, ջիգյարս յարա,
Ասացիր ինձ մոտ կա դարդերիդ չարա,
Փա՜ռք, որ քեզ տեսա, սիրահար դառա,
Աշուղ Սիայու յարն ես դու, գյոզալ։

ՇՈՂ Է ՏԱԼԻՍ

Շող Է տալիս լուսաբացին,
Փեշը փռած ցողի թացին,
Ինքը նման վառ արին,
Ասի՝ լալ - մարջան ու լացի։

Ոչ լուր ունեմ, ոչ էլ նամակ,
Ձեռք չի անցնի, դարդ է թամամ,
Ինքը յոսմա, կուրծքը շամամ,
Գյոզալների խան վրացի։

Էլ չեմ խփի սազիս լարին,
Խոսքով գովքդ կանեմ բարի,
Վառեցիր աշուղ Սիայուն,
Թավադի ցեղ, ջան վրացի։

ՍԱՐԻ ՋԵՅՐԱՆ

Ուր ես թռչում, սարի ջեյրան,
Թևեր առած թռչուններից,
Մնացել եմ քեզի սեյրան,
Դու կյանք մաշող, սիրուն փերի։

Դեմքդ նման լուսաբացին,
Ձեռք չես անցնի, դարդով լացի,
Սիայու յար, ջավախեցի,
Դարձա սիրուդ հլու գերի։

ՄՈԻՀԱՄՄԱ

Թորոս գյուղի պանդոկում տեղի ունեցած մրցույթի (մուհամմա) ժամանակ
աշուղ Սիային պատասխանում է երիտասարդ աշուղ Սարգսին։

Անծանոթ եղբայրնե՛ր, անծանոթ քույրե՛ր,
Նախ բարևեմ՝ բարով տեսանք մենք իրար,
Աշուղներս ժողովրդին ծառա ենք,
Բարեկամնե՛ր, սիրով հանդիպենք իրար։

Ճանապարհից հոգնած, բեզարած մարդիկ,
Գեղեցիկ խոսք ասենք, փայփայենք իրար,
Այս անցողիկ կարճ ժամերի ընթացքում
Սրտակիցներ դառնանք, ճանաչենք իրար։

Դեռ վաղ մանկութ ես սազ ունեմ իմ ձեռքին,
Մտերիմներ դառնանք, հասկանանք իրար,
Կարզախցի Սիայուն գուցե լսել եք,
Հայ անուններով էլ իմանանք իրար։

Արի ախպե՛ր, ծով դարդերս մի բանա,
Քարին ասեմ, իմ վշտին չի դիմանա,
Սարն էլ լաց կլինի, եթե իմանա,
Մի պահ հանգստանանք, թող երգն էլ մնա։

***
Վշտի վրա նոր ցավ, նոր վիշտ ես դնում,
Գիտեմ, հարազա՛տս, հանգիստ չես քնում,
Հուսանք մեզ էլ նոր առավոտ է բացվում,
Ռուսաստանում ազնիվ մի մարդկություն կա,
Արդարության համար վաղ, թե ուշ կգա։

Բարեկամս, մարդ ամեն ցավ տարել է,
Վշտի ծովն է ընկել, բայց չի դադարել՝
Ափ է դուրս եկել, նպատակը կատարել,
Ինչ ծանր բեռ ասես տարել է մարդը,
Միայն թե չնետվի մահի թակարդը։

Համ էլ վիշտը՝ թեթևացնում է լացով։
Ցավակցողն է օգնում խոսքով կամ հացով,
Միշտ տոկուն կմնա հասած հարվածով,
Ահավոր ցավերին դիմացող մարդը,
Քանի դեռ չի ընկել մահու թակարդը։

Գիտեմ այդ բոլորը դու լավ հասկացար,
Չէ որ կրակների բոցերով անցար,
Այրվեցիր, խանձվեցիր, դիմացար,
Սիայու խրատն էլ հիմա իմացար,
Պիտի ապրի քեզ պես տառապած մարդը։

***
Սիրող սիրտը միշտ չի հասնում փափագին,
Հաճախ թախիծ ու տխրություն է լինում,
Պատահում է խռովում են իրարից,
Ճամփին հազար վտանգ, չարիք է լինում։

Սերը երկու կողմից, եթե չի լինում,
Անժուր է, ակամա, թող ու հեռացիր,
Քան թե վերջում կշռես չարն ու բարին,
Լավ է հենց սկզբից քո լացը լացիր։

Գյուղացին իր հարսը գյուղից է ընտրում,
Աղջկա հորն ու մոր ցեղն է հարցնում,
Գործիմաց սիրունի ձեռքն է խնդրում,
Գործն էլ սիրունության նման իմացեք։

Նախնիներից եկած խրատը բարի,
Վատ չէ, եթե սիրող սիրտը կարարի,
Փորձված թանը մածունից լավ համարիր,
Ճիպոտն էլ քո այգուց կտրել իմացիր։

Շնորհալի Սարգիս, կատարյալ վարպետ,
Մեկ տեղ հասնենք Գյումրի, մեկտեղ դառնանք ետ,
Ձայնդ ղողանջում է ոնց Թափարվան գետ.
Հոր նման հոգատար` դու ինձ իմացիր։

ԱՇՈԻՂ ՍԻԱՅԻՆ ԽՐԱՏՈւՄ Է
ԻՐ ԱՇԱԿԵՐՏ ՄԱԹԵՎՈՍԻՆ


Սազը պատվական է, թե լավ տեր ունի,
Եթե տերն էլ նրա վրա սեր ունի,
Մրցողը համոզվի, որ մի խեր ունի,
Թե չէ ձեռքից շուտ կթռչի լավ սազը։

Եթե երգիչը հույս է դնում իր սազին,
Տարիների փորձին, սպիտակ մազերին,
Սիրուհու շարժ ու ձևին կամ նրա նազին,
Կարող է կորցնել գովական սազը։

Ուժեղ մարդ ես, գլուխ ունես, միտքդ բաց,
Բանավեճը ոչ պանիր է, ոչ էլ հաց,
Նախքան հանդես գալդ քո պակասը լաց,
Որ մրցելիս չկորցնես քո սազը։

Լավ չափիր, իմացիր դեմինդ ով է,
Թե հաղթես էլ, թող ուրիշը քեզ գովե,
Մարդու միտքը մի անհատակ մեծ ծով է,
Ծովից չոր դուրս գալու ձևը իմացիր։

Դեռ փոքր ես, ունես դեռ խրատի կարիք,
Մտքով իմաստացիր, միշտ գործիր բարիք,
Ուրիշին վատ չասես, չգործես չարիք,
Ծանր քարի նման տեղդ ամուր կաց։

Թեկուզ Աքիլեսի պես լինես ուժեղ,
Դու ցույց չտաս հսկա ուժդ ամեն տեղ,
Ուժեղին կարող է խոցել մի տգետ,
Մի թույլ, մի ծույլ, մի տխմար, իմացիր։

Զոհրաբն էլ ասում էր մերն է աշխարհը,
Որ Ռոստոմ Զալն է իմ ծնող հայրը,
Պետք է որ թագուհի դառնա իմ մայրը,
Բայց խորհուրդը ճամփին մնաց կիսկատար։

Սիային եմ, հազար ու մի ցավ կրած,
Ունեմ շատ հեքիաթներ, երգեր հորինած,
Սիրելի վարպետիդ լսիր, միտքդ բաց,
Չհավանած քարն աչք է հանել, իմացիր։

Top

 
 
Copyright © 2008 - Javakhk Songbook
Reproduction in full or in part is prohibited without reference to
JavakhkMusic.com