Javakhk Music  

Գուսան Սուխանի, բանաստեղծություններ

Gusan Soukhani, lyrics
Гусан Сухани, поэзия

Հեղինակի մասին | About the author | Об авторе

ՍԻՐՈԻՀԻ

Թագավորի ցեղ ես, ով սիրուհի՛,
Թագուհի լինելը քեզ լավ կսազի,
Ձայնդ քաղցր, կաթ է հոսում շուրթիցդ,
Ասա, թե ես ինչպե՞ս դիմանամ քո նազին։

Առանց թաղի թագուհի ես անթերի,
Գրավել ես, կործանել ես շատերին,
Դեռ չբացված կոկոն վարդ ես, ով փերի՛,
Հեյրան եղա բարակ մեջքիդ, ծամերիդ։

Զար ռեհան, նարգիզ ու կարմիր լալա ես,
Ծոցդ մի դրախտ է, դու լուսնի փայլ ես,
Սուխանու համար էլ սոսկալի ցավ ես,
Խնայիր գուսանիդ, ապրում եմ հազիվ։

ԲԱԶՄՈԻԹՅԱՆ ՄԵՋ

Քեզ եմ խնդրում, ականջ արա, ո՞վ աշխարհ,
Ինձ տար միացրու հոծ բազմությանը,
Թեպետ մեղավոր եմ, լսիր աղերսանքս,
Խղճա ու գթա, տար բազմության մեջ։

Չորս աղբյուր է հոսում, մարդ քո ճամփին,
Շատերն են խմել, հագեցել կարգին,
Սիրուց վառվողներն էլ այնտեղ կհարբեն,
Սիրտս ինձ քաշում է դեպ բազմության մեջ։

Փչում է մի փող, քնից արթնանանք,
Կլինի դատաստան, միացեք, մարդիկ,
Աշխարհում էլ չունեմ քեզանից խնդիրք,
Տար Սուխանուն հոծ բազմության մեջ։

 

ԵՂԱ ԵՍ

Զրկվեցի ես փառքից, ծիծաղից անգամ,
Հույսը կորցրած մարդ իսկական ես եմ,
Գիտունները գիրս կարդալ չեն կարող,
Սև օրերին միշտ ենթակա եղա ես։

Իմ կյանքն է մաշվել, կախվել է մազից,
Դավաճանի սրից փրկվել եմ հազիվ,
Ընկել ոտնատակ՝ տկար եմ քանզի,
Լոկ բամբասանքի առարկա եղա։

Սուխանին եմ, աշխարհ, դարձել եմ գուսան,
Ինձ խնայիր, գոնե տուր ճիշտ դատաստան,
Թռչուններին տվել ես բույն, օթևան,
Փահլուլի պես թափառական եղա ես։

ՑԻՐ ՈԻ ՑԱՆ ԵՂԱՆ

Որքան պիտի քաշեմ ցավերն այս դառն,
Ծով դարդերից հալս խիստ անհույս եղավ,
Հարվածեցին անձիս դաշույն ու դանակ,
Հողիս տանջելու մի ասպարեզ եղավ։

Բորբոքվեց սիրտս, բազմացան ցավերս,
Մըսր, Բաղդատ հասան արդար դավերս,
Սև ծովն ալեկոծվեց, տարավ նավերս,
Խորտակվեց իմ ղեկը, շատ վատ բան եղավ։

Առնեմ գլուխս՝ կորչեմ ծայրեծայր,
Օրերս սև անցան, եղա անդադար,
Կանչում եմ, տեր աստված՝ ցավերիս մի ճար,
Սուխանուս մտքերը ցիր ու ցան եղան։

ԵՍ Ի՞ՆՉ ԱՆԵՄ

Մի անաստված յար սիրեցի,
Ձեռք չի տալիս, ի՞նչ անեմ,
Կեցած վայրը անառիկ տեղ,
Ուռկան չունեմ, ես ի՞նչ անեմ։

Խումար աչքեր տեսա, լացի,
Դեմքը նման լուսաբացի,
Երեկվա իր խոսք տվածին
Տեր չի դառնում, ես ի՞նչ անեմ։

Շնկշնկոցով փչեց քամին,
Աչքս մնաց փարթամ ծամին,
Ասաց՝ կգամ, իմ Սուխանի,
Բայց նա չեկավ, ես ի՞նչ անեմ։

ՔԱՂՑՐԱԼԵԶՈԻ

Ինձ կապեցիր քո վարսերով.
Ո՞նց ազատվեմ, քաղցրալեզու,
Սխալվեցի, քեզ սիրեցի,
Ի՞նչպես զատվեմ, քաղցրալեզու՛։

Խելքս արիր դու փերուշան,
Բոյդ բարակ, տեսքդ շուշան,
Գլխիս բռնել ես դու նշան,
Դարդս էլ ու՞մ ասեմ, անուշիկ։

Մտիկ արեք անխիղճ յարիս,
Բեմուրազիս, անջիգյարիս,
Ուզում է Սուխանուն այրի,
Թող քո սիրով այրվեմ, անուշիկ։

ՄԵՐԺԵՑ ՅԱՐՍ

Ես վառվում եմ, ծուխս չկա,
Դարդս ծով է, կյանքս վկա,
Մահից վատ է իմ վիճակը,
Լաց եմ լինում, որքան սգամ։

Կուզեմ երգել` երի ˜ - երի ˜,
Ծեգին տեսնեմ ես իմ փերուն,
Ավերվել է բուրաստանս,
Ձայնը չի գա սոխակների։

Էլ չափ չկա տանջանքներիս,
Արցունք թափեմ սազիս լարին,
Կուզեն ձեռքես խլեն, տանեն,
Իմ գովական նազլու յարին։

Յարս անցավ վառ ծիծաղով,
Ես արցունքով՝ գլխիս տալով,
Նա վարդերով ուրախացող,
Ես ողբացող՝ տխուր տաղով։

Փա˜ռք քեզ, աշխարհ, տեսա յարիս,
Ասի՝ կատարվեցավ բարիս,
Բայց ինձանից խռով գնաց,
Էլ ի՞նչ ասեմ խունջիկ յարիս։

Ցարս անցավ այն հին բաղով,
Թուխ մազերը թաց էր շաղով,
Անց ենք կենում այս աշխարհով,
Ես տանջանքով, նա՝ ծիծաղով։

Սուխանին եմ, դարդս լացի,
Բան չեմ տեսել վատից բացի,
Զուլալ սերս մերժեց յարս,
Հալածվեցի ու ողբացի։

ԱՆԿԻՐԹ ԱՇԱԿեՐՏԸ

Խելքից սակավ, ծույլ աշակերտը,
Չի սովորի, բան չգիտե,
Քիթը բարձրացրած երկինք,
Հմուտ վարպետ, սան չգիտե։

Թե որ ճամփին մի բան նետես,
Գժվելո է հետզհետե,
Կարծում է, թե բուն վարպետ է,
Երգի չափ ու հանգ չգիտե։

Քար է նետում հսկա սարին,
Չի տարբերում չարն ու բարին,
Հույս է դրել ինքն իր խելքին,
Վերջ ու դատաստան չգիտե։

Ես վարպետն եմ, ասի հե˜յ վախ,
Չի տարբերում ընկույզ, ղավաղ,
Կարմիր գույն է հագնում հաճախ,
Չքնաղ, բուրաստան չգիտե։

 

Top

 
 
Copyright © 2008 - Javakhk Songbook
Reproduction in full or in part is prohibited without reference to
JavakhkMusic.com