Javakhk Music  

Գուսան Թիֆիլի, բանաստեղծություններ

Gusan Thifili, lyrics
Гусан Тифили, поэзия

Հեղինակի մասին | About the author | Об авторе

ԱՇՈԻՂ

Աշուղ, ժողովրդի համար խաղ ասա՛,
Միշտ գովերգիր, սրտանց երգ ու տաղ ասա՛,
Լավին խնդա, ցավին ա՜խ ու վա՜խ ասա՛,
Լացի հետ լաց, հացին լի, ուրախ ասա՛։

Ցանող - հնձողներին բարին կամեցի՛ր
Գնա արտվորի հետ բարեկամացի՛ր,
Ժողովրդի չարն ու բարին իմացի՛ր,
Նրա համար սրտի խոսք ու խաղ ասա՛։

Ուր ժողովուրդ չկա, սազը ո՞ւմ է պետք,
Խնդությունը, խաղը, տաղը ո՞ւմ է պետք,
Թիֆիլի, չորացած բաղը ո՞ւմ է պետք,
Անիմաստ երգչին միշտ ավազ ասա։

ԾՆՎԱ

Հայոց վշտի, հայոց երգի,
Հայոց վերքի համար ծնվա,
Հայոց բառի, հայոց տառի,
Հայոց քարի համար ծնվա։

Հայոց հողի, հայոց ջրի,
Հայոց սարի համար ծնվա,
Սեր ու կարոտ, խինդ երգելու,
Ես իմ դարի համար ծնվա։

Սազը ձեռքիս մեկ խնդում է,
Մեկ հառաչում, տխուր երգում,
Մեկ ելնում է արեգակը,
Մեկ բուք ու հողմ, ձյուն է գալիս։

Իմ հայի պես հայ եմ ես էլ,
Վիշտ ու կարիք ցավ եմ տեսել,
Թիֆիլուս էլ մի վշտացնի,
Հազար կռիվ, դավ եմ տեսել։

ԵՐԱԶ

Երազիս մեջ մորս տեսա,
Մանուկ էի գիրկն առավ,
Սիրով նայեց, ասավ, բալա,
Ինձ քեզանից ո՞վ տարավ։

Ասի, մայրիկ, փոքրիկ եմ դեռ,
Ինձ օրորիր, երգ ասա,
Ասավ՝ ավաղ, ազիզ բալա,
Այս երազ է, որ տեսար։

Վերջին անգամ սիրով գրկեց,
Ջերմ գուրգուրեց ու լացեց,
Լուսաբացը խեղճ Թիֆիլուս
Լացող աչքերը բացեց։

ՋԱՎԱԽՔ

Ջավախքը բարձր տեղ է,
Ջուր ունի կյանքի դեղ է,
Կաթն անարատ, յուղն առատ,
Աշխատավորն է հարազատ։

Յոթը տասնյակ գյուղ ունի,
Այգիներ շատ սուղ ունի,
Բնակիչը կարկուտից,
Երաշտից երկյուղ ունի։

Կովեր, խաշներ անհամար,
Բռնել են ողջ սար ու դար,
Ջավախքում շատ - շատերն
Ապրել են ուղիղ մեկ դար։

Խեղճ Թիֆիլին անբաժին,
Հույսը դրել է սազին,
Հոգի ու կյանք է տալիս
Իր Ջավախքի մի մազին։

ԱՐԻ, ՍԻՐԵԿԱՆ, ՈՐՏԵ՞Ղ ԵՍ

Սիրեկան, սիրո ծարավ եմ,
Սիրուհուդ ջուր տուր, որտե՞ղ ես,
Սիրտս հալ ու մաշ է եղել,
Սիրո կարոտ եմ, որտե՞ղ ես։

Օտարության մեջ ուշացար,
Ինձ պաշտամունքի աղբյուր դարձար
Մենակ ընկած եմ սարեսար,
Կաղաչեմ, արի, որտե՞ղ ես։

Քեզ համար կորած հավ դառա,
Քո սիրո կրակով վառա,
Յար կանչելուց չդադարա,
Արի, սիրեկան, որտե՞ղ ես։

Առանց յար կյանքը ի՞նչ կանեմ,
Հոգուս գանձերը ո՞ւմ տանեմ,
Քեզ իմ սրտից ես ո՞նց հանեմ,
Արի Թիֆիլուդ, որտե՞ղ ես։

ՈՎ ՓԵՐԻ

Դեմքով սիրուն, տեսքով սիրուն, ո՛վ փերի,
Հասակդ նուրբ, դու անթերի, ո՛վ փերի,
Շատ ջահել ես հալել - մաշել, ո՛վ փերի,
Ես էլ դառա սիրուդ գերի, ո՛վ փերի։

Եկ, կաղաչեմ, հերիք կանչեմ, եկ, փերի՛,
Դու իմ սազն ես, հոգուս մասն ես,
Երգիս խասն ես, եկ, փերի՛։

Լավ հասկացա, շատ սիրուն ես, գութ չունես,
Սիրտ մաշելուց, իմացիր, օգուտ չունես,
Ինչ էլ անես, կասեմ, իմ կյանքը դու ես,
Խելքի արի, եղիր բարի, ո՛վ փերի։

Եկ, կաղաչեմ, հերիք կանչեմ, եկ, փերի՛,
Դու իմ սազն ես, հոգուս մասն ես,
Աշուղ դարձա, ձեռքիդ գերի, ո՛վ վ՛երի։

Սեր ես դաոել, սուր ես առել, ո՛վ փերի,
Սառն աղբյուրից ջուր ես առել, ո՛վ փերի,
Թիֆիլին էլ կուզե խմել, ծարավ է,
Կյանքս քոնն է, ինձ մի այրի, ո՛վ փերի։

Եկ, կաղաչեմ, հերիք կանչեմ, ո՛վ փերի,
Դու իմ սազն ես, հոգուս մասն ես,
Երգիս խասն ես, ե՛կ, փերի։

ԱՂԲՅՈԻՐԻՑ ՋՈԻՐ ՏԱՆՈՂ ԱՂՋԻԿ

Մեր անուշ աղբյուրից ջուր տանող աղջիկ,
Կանգնիր, ես իմ սազով քո տեսքը գովեմ,
Թուխ այտերդ, սև աչերդ, ծամերդ,
էդ վարդագույն, ալվարդ երեսդ գովեմ։

Մեջքդ բարակ, ծոցդ նռներ են երկու,
Երկար վիզդ, փոքրիկ բերանդ գովեմ,
Լեզուդ մեղրածոր է, ծամերդ ջուխտակ,
Լուսնի պես լուսեղեն պատկերդ գովեմ։

Մեր անուշ աղբյուրից ջուր տանող աղջիկ,
Քո այդ թեթ, աշխույժ քայլվածքը գովեմ,
Դու աշուղ Թիֆիլուն խելահան արիր,
Իմը պակաս, թող միշտ քո խելքր գովեմ։

ԿՆՔԱՄԱՅՐԸ

Ալ է հագել, ալ այտերով,
Կարմիր վարդ է կնքամայրը,
Տեսեք ոնց է հարսին զուգել,
Ինքն էլ մի հարս՝ կնքամայրը։

Քայլում Է ոնց թեթ կաքավ,
Խնդություն է կնքամայրը,
Ծաղկի բուրմունք է տարածում,
Օծում է իր անցած վայրը։

Սանահորը ողջույն տալիս՝
Խոնարհվում է կնքամայրը,
Քեզ նման տասը ծներ՝
Քո աննման անուշ մայրը։

Ասեք, Թիֆիլին ոնց գովի,
Գովական է կնքամայրը,
Հպարտացած ջան է կանչում
Ու քեֆ քաշում կնքամայրը։

ԷՐԱՆԻ ԵՐԱԶԻՍ ԳԱՅԻՐ

Երանի երազիս գայիր,
Ինձ քո ձեռքով մի ջուր տայիր,
Նստեիր, մոտս մնայիր,
Երանի երազիս գայիր,
Ինձ քո ձեռքով մի ջուր տայիր։

Երանի թեքվեիր կամաց,
Տեսնեի թուխ երեսդ բաց,
Սեղմեիր գլուխդ սրտիս,
Ա՜խ, երանի, երազիս գայիր,
Ինձ քո ձեռքով մի ջուր տայիր։

Երանի, ա՜խ, շատ երանի,
Անուշ լեզուն քո բերանի,
Թիֆիլուն սիրո խոստում տար,
Գոնե որպես մի երազ գար
Ու ինձ սիրո անուշ ջուր տար։

ՀՈՎՀ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Բաթումում տնից զուրկ մուրացկան էի,
Թումանյանի գալն իմացա, գնացի,
Վիշտս ավելացավ՝ ցավը լսելով,
Ժողովրդիս ողբն իմացա ու լացի։

Հույսով ասավ՝ մի լռեցնի քո սազը,
Մեզ ազատություն է բերել էս դարը,
Պիտի ցնծան հայոց դաշտն ու սարը,
Պիտի ծաղկեն չոր անապատն ու քարը։

Նա ինձ սփոփում էր, բայց ինքն էր տկար,
Վախենամ շատ գործեր թողնի կիսկատար,
Արտասվում էր սիրած կինը անդադար,
Էլի բախտ էր՝ տեսա վարպետին հանճար։

Հիշեցի ողբալի Անուշը, Մարոն,
Խղճալի Գիքորը, սիրահար Սարոն,
Արյուն է հեղվում Կարինից - Տարոն,
Մեզ չգթաց բնավ Եվրոպան պարոն։

Հանճարն հիվանդ էր, վշտով հեռացա,
Նրա ցավն հիշելով, իմը մոռացա,
Այս դարդերի ծովում լալով կուրացա,
Թիֆիլիս խաչ, հավատ թողի ուրացա։

 

ՍԻԱՅՈՒՆ
(Հիշատակ)

Բազում երգերի, հեքիաթի վարպետ,
Ջավախքի արև, աշուղ Սիայի,
Չես մեռնի, դու կապրես միշտ, առհավետ,
Ժողովուրդը փառքդ հոգում կպահի։

Բանավեճ է եղել, հաղթել ես շատին,
Երբեք չես խնայել տմարդին, վատին,
Չարին՝ «Օձ քաղաքի», դեմ արիր պատին,
Վնաս չեկավ սազիդ լարի մի հատին։

Թիֆիլին եմ՝ ամեն վայրկյան քեզ ծառա,
Լեզու առած ես քեզանից դաս առա,
Քո ջանքերով երգ ու սազի տեր դառա,
Դու իմ անմահ վարպետ, անպարտ Սիայի՛։

ՋԻՎԱՆՈՒՆ

Երգիչների երգիչ, ազնիվ Ջիվանի,
Ջավախքի պարծանքն ես, Ջավախքի զարդը,
Բնավ չի թառամի, անմեռ կմնա,
Քո ցանած ծաղիկը, քո տնկած վարդը։

Երգերդ խրատող, բառերդ ոսկի,
Հայի սրտից կուգան տաղերդ բոլոր,
Լսողը խելքիդ, շնորհքիդ դասից
Կթողնե ետ կգա իր ճամփից մոլոր։

Դու ազնվացնում ես ծռմռված հոգին,
Ցույց ես տալիս արդար ճամփեն լուսավոր,
Ջարդում, հերքում ես հնոց ադաթները սին
Քո խրատող խոսքով, երգով փառավոր։

Քո ծանոթ Թիֆիլին քեզ էլ ո՞նց գովի,
Չունի քո քանքարը, չունի քո լեզուն,
Շիտակ հոգիդ թող ինձնից չխռովի,
Եթե ասեմ՝ նոր Սայաթ ես, իմաստուն։

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ

Նեղվում է ազգդ չարաչար,
Արի՛, զորավար, որտե՞ղ ես,
Պարսից գնդերը հալածող,
Մեր քաջ բարերար, որտե՞ղ ես։

Մեր տունն ավերակ է դառել,
Ազգդ չար Սուլթանին գերի,
Դու վեհ հերոս Ավարայրի,
Կսպասենք, արի, որտե՞ղ ես։

Դադարեց մեր երգն ու տաղը,
Ավերվեց շենացած թաղը,
Գուցե մեզ էլ մորթեն վաղը,
Փրկություն, արի՛ , որտե՞ղ ես։

Վանքին, ժմամին աղոթելով,
Ծովի չափ արցունք թափելով,
Զուր հույսերով մեզ խաբելով,
Կսպասենք, արի, որտե՞ղ ես։

Սազիս լարն եմ հնչեցնում զուր,
Թիֆիլուն ո՞վ կտա կեռ թուր,
Քաջ զորավար, փրկություն տուր,
Կանչում ենք, արի՛ որտե՞ղ ես։

ԹԻՖԻԼԻՆ՝ ԻՐ ԱՇԱԿԵՐՏ ՀԱՎԱՍՈԻՆ

Դասերդ ավարտել՝ վարպետ ես դառել,
Քո վարպետին նվեր նոր սազ ես առել,
Ում հետ էլ մրցել ես՝ հաղթանակ տարել,
Քեզ բարի ճամփա, իմ լավ Հավասի։

Այսօր բաժանվում ես, երգիչ ես արդեն,
Բայց երբ է սոխակը զատվել իր վարդեն,
Գիշերը չեմ քնել՝ իմ սրտի դարդեն,
Քեզ բարի ճամփա, իմ լավ Հավասի։

Գնա, լավ ծառայիր քո ժողովրդին,
Բարև առ, բարև տուր հային, թե թուրքին,
Բարձր պահիր աշուղական բարքը հին,
Ճամփիդ վարդ ու մեխակ, երգիչ Հավասի,

Սիրով ընդունում եմ քո նվեր սազը,
Հալալ իմ ջանքերը, իմ տված դասը,
Չպակասի էդ քո գլխի մի մազը,
ճամփիդ՝ շուշան, սիմբիլ, գուսան Հավասի։

Շնորքով մարդ ես, կաճես, Հավասի,
Քեզ աշուղ համարիր հասարակ դասի,
Թե նեղվեմ, Թիֆիլուդ օգնության հասի,
Ուժդ ժողովրդից միշտ առ ու գնա։

ԿԱՐՈՏԵԼ ԵՄ

Սիրուններից սիրուն, հե՜յ, յա՛ր,
Չքնաղ տեսքիդ կարոտել եմ,
Արի, երգով հերիք կանչեմ,
Բոյ ու բուսիդ կարոտել եմ,
Ալ երեսիդ կարոտել եմ։

Շատ ման եկա քաղաք ու գյուղ,
Չտեսա քեզ նման շքեղ,
Դու ես աշուղիս ճար ու դեղ,
Ես քո տեսքին կարոտել եմ,
Թուխ ծամերիդ կարոտել եմ։

Հիսնի՛, Թիֆիլուն կին դառար,
Թափառ երգչի երգից վառար,
Սիրեցիր, երբեք չսառար,
Ա՜խ, քո հացին կարոտել եմ,
Խինդ ու լացիդ կարոտել եմ։

ԹՈՂ, ԵՍ ԿԱՐՈՏՈՎ ՄՆԱՄ
(Մորերգը)

Իմ աննման սիրուն, քեզ հալալ կաթս,
Կեսրանց տանից միշտ լավ անունդ իմանամ,
Մեծերի պատիվը գլխից վեր պահիր,
Նրանք սիրեն, թող ես կարոտով մնամ։

Համեստ, խաղաղ եղիր, դեմքով միշտ պայծառ,
Բոլորն ասեն հալալ կաթկեր ես, բալա,
Քո վարքով բարձրացրու մեր տան պատիվը,
Նրանք պաշտեն, թող ես կարոտով մնամ։

Այս երգն էլ Թիֆիլին գրեց ինձ համար,
Իմ աննման աղջիկ, իմ արև անմար,
Միշտ անթառամ մնա՝ ձմեռ, թե ամառ,
Նրանց բույր տուր, թող ես կարոտով մնամ։

ԴՈԻՔ ՄՆԱՔ ԲԱՐՈՎ
(Աղջկաերգը)

Իմ անգին ծնողնե՛ր, քույրե՛ր, եղբայրնե՛ր,
Բաժանվում եմ այսօր, դուք մնաք բարով,
Հարս եք ճամփում արդեն հարազատին ձեր,
Հարազատն է զատվում, դուք մնա՛ք բարով։

Արդեն բոլորել է իմ օրն ու տարին,
Սիրով համբուրեցե՛ք ինձ ու իմ յարին,
Օրհնեցե՛ք, ցանկացեք մեզ լավն ու բարին,
Աննման ծնողներ, դուք մնա՛ք բարով։

Մայրիկ ջան, քո անուշ կաթով եմ սնվել,
Կաթդ հալալ արա, դու մնա՛ս բարով,
Հայրիկ ջան, քո փայլուն աստղով եմ ծնվել,
Աստղդ թող շողշողա, դու մնա՛ս բարով։

Հայրական տուն, հարազատ տուն, օթևան,
Հեռանում եմ քեզնից, դու մնա՛ս բարով,
Այցի կուգամ հարազատնե՛ր, ընկերնե՛ր,
Մեր լավ հարևաններ, դուք մնաք բարով։
Թիֆիլին հորինեց մեզ համար խաղը,
Ծաղկել են սարերը, ծաղկել է բաղը,
Անշուշտ, մեր նոր տան մեջ կլինեմ վաղը,
Ինձ բարի կամեցեք, դուք մնա՛ք բարով։

ՀԱՐՍԱՆԻՔԻՑ

Հարսի մայրը լաց է լինում
Փեսի մայրը՝ պար գալիս,
Հարսի հայրը վշտանում է,
Փեսի հայրը՝ ծափ տալիս։

Մեկն արցունքոտ, մյուսն ուրախ,
Մեկը խնդուն, մյուսը՝ ախ,
Չեմ հասկանում, թե ո՞վ շահեց,
Հանելուկ է այսօր, ավա՜ղ։

Թիֆիլին միշտ վկա դրան՝
Նվագել ու տաղ է ասել,
Բարին մաղթել ծաղիկներին,
Երկուսին էլ լավ է ասել։

ԳԱՂՏՆԻՔ ՉՈԻՆԵՄ

Սազիս լարը սրտիս լարն է,
Սազից անգին բան չունեմ, յա՛ր,
Սազիցս շատ քեզ սիրեցի,
Դարձա թամամ մի սիրահար։

Սազիս ձայնը մտքիս ձայնն է,
Որ կանչում է միշտ՝ արի՛, յար՛,
Սազիս լեզուն իմ լեզուն է,
Քեզ հետ սազով եմ սիրահար։

Գաղտնիք չունեմ ես իմ սազից,
Կյանքում միակ ընկերս է, յա՛ր,
Նրա հետ միշտ թափառել եմ`
Երկրից երկիր ու սարե-սար։

Քո Թիֆիլին առանց սազի,
Առանց յարի չի դիմանա,
Սազով երգեմ սրտիս սերը,
Թող արար աշխարհ իմանա։

ԳԵՂԵՑԻԿ Է ՇՈՂՆ ԱՐԵՎԻ

Գեղեցիկ է շողն արևի,
Շաղն արտերի գեղեցիկ է,
Բայց իմ յարի վառ ժպիտը՝
Շող ու շաղից գեղեցիկ է։

Բուրմունքով է կարմիր վարդը,
Ծաղիկների գեղեցիկն է,
Իսկ իմ յարը վարդից բուրող`
Վարդից կարմիր գեղեցիկ է։

Շատ աղջիկներ եմ ես տեսել,
Շատ ժպիտներ քնքշանքով լի,
Սակայն յարիս նիստուկացը՝
Այն բոլորից գեղեցիկ է։

Գեղեցիկ է շողն արևի,
Շաղն արտերի գեղեցիկ է,
Սայց Թիֆիլու սիրած յարը
Ամեն բանից գեղեցիկ է։

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈԻԹՅՈԻՆ

Աղջի՛, կարմիր լալան բացել է թերթը,
Արի ելնենք էրթանք Սուլդայի բերդը,
Էն ծակ քարի տակով սրտանց անցկենանք,
Ազնիվ խսոսք տանք իրար ու սիրով մնանք։

Ասա՛, ինչ ենք անում տերտեր կամ վկա,
Երբ որ մեզնից բարձր բնությունը կա,
Մենք թող սիրենք իրար ու սիրով մնանք,
Մեր սիրո գաղտնիքը հոգով իմանանք։

Հայրդ հակառակ է՝ կտանեմ քեզ սար,
Մեզ պաշտպան դուրս կգա աշխարհը արար,
Տառապանք էլ եթե կրենք միասին,
Վատ խոսք դու չես լսի մեր սիրո մասին։

Քո Թիֆիլին չունի կրթություն, ուսում,
Բայց սազի տեր մարդը դուզ խոսք է ասում,
Արի՛, արի՛, ի՞նչ ես մենակ ման գալիս,
Ուր գնանք, աշուղին հարգանք են տալիս։

ՅԱՐ ԱՆՈՒՇԻԿ

Յար անուշիկ, յար սիրունիկ,
Յար գովական, յար,
Սիրո ծաղիկ, վարդի շաղիկ,
Յար նազելի, յար։

Շուտով արի, սրտով արի,
Սիրով արի, յար,
Իմ նվիրած վարդով , արի,
Զարդով արի, յար։

Քո վառ սիրուց ես դարձել եմ
Սիրո ծարավ, յար,
Չքնաղ տեսքդ խելքս տարավ,
Սիրտս վառավ, յար։

Յար անուշիկ, յար սիրունիկ,
Յար գովական, յար,
Քո Թիֆիլուն միշտ դեղ ու ճար,
Մի ուշանա, յար։

ՅԱՐՍ ՄՈՏԵՍ ԱՆՑԱՎ

Յարս մոտես անցավ, խռով էր, լուռ էր,
Դեմքը թախծոտ, խիստ մտածկոտ, տխուր էր,
Իմ նրան նայելը, կանչելը զուր էր.
Մոլորված նայեցի, սիրտս շահեցի,
Յարիս խռով տեսքը սեր համարեցի։

Յարս վարդ էր փնջել, պարտեզը բաց էր,
Մոլոր էր, հուզված էր, դեմքը քրտնած էր,
Ասես աշխատել էր, հոգնած, հարբած էր.
Մոլորված նայեցի, սիրտս շահեցի.
Յարիս վարդ փնջելը խաղ համարեցի։

Վերջն իմացա, ամա՜ն, յարիս վիշտն էր խոր,
Առանց նրան էլ ինչ արև, էլ ինչ սեր,
Ծնողներն ընտրել էին փեսացու մի նոր,
Մոլորված նայեցի, վիշտս պահեցի,
Յարիս լքված սերը ցավ համարեցի։

Սիրահա՛ր, քո վարդն է հարուստի բաղում,
Ոսկեպաշտ ագռավն է նրա հետ խաղում,
Իզու՜ր, խեղճ Թիֆիլի, քեզ էլ չեն թաղում,
Մոլորված նայեցի, լացով նայեցի,
Յարից բաժանվելը մահ համարեցի։

ՊԱՐՏԵԶ ՄՏԱ

Ես իմ սիրուհու պարտեզը մտա,
Կարոտած սրտով սիրուհուս գտա,
Նա ինձ վարդ տվեց, ես նրան՝ շուշան,
Ասավ՝ մի մնա մենակ փերուշան։

Սիրտս ծարավ է, սիրածս` աղբյուր,
Ծարաված սիրտը միշտ փնտրում է ջուր,
Կյանքում էլ ինչ սեր, թե չկա համբույր,
Սերն անմարելի ատրուշան է, հուր։

Աշուղ Թիֆիլին իր սազին գերի,
Չի գտնում վերջը սիրո երգերի,
Թե կյանքում խնդա ու բախտը բերի,
Սերն սպեղանի կլինի վերքերի։

ՀՐԱՇՔԻ ՊԵՍ ՀԱՅՏՆՎԵՑԱՎ

Հրաշքի պես հայտնվեցավ,
Տեղով հրաշք է իմ յարը,
Համեստությամբ լուսին դարձավ,
Դեմքով հրեշտակ իմ յարր։

Երբ աչքերն հառեց աչքերիս՝
Այրվեցի, հուր է յարս,
Երբ մի տաք համբույր շնորհեց.
Տեսա անուշ ջուր է յարս։

Երբ պարեց, սահելով անցավ,
Ասես գարնան բույր է յարս,
Քնքշություն, գեղեցկություն,
Միշտ հեզահամբույր է յարս։

Ոսկին, ակը իմ ինչին է,
Ամեն բանից թանկ է յարս,
Թիֆիլուն սեր, երջանկություն,
Նա է արար - աշխարհս։

ՃԱՄՓԻՆ ՏԵՍԱ

Յայլի ճամփին մի սիրունիկ հարս տեսա,
Մեջքին շարան-շարան չորս հյուս վարս տեսա,
Գլխին վարդ էր դրել, փուշին խաս տեսա,
Տեսքով առաքինի, մտքով պարզ տեսա։

Ասի՛, ո՞ւմ- սիրունն ես, յարաբ ո՞ւմ յարն ես,
Որ ջահելի սերն է քաշել քեզ սարն էս,
Չլինի թե քո սիրով դու նրան այրես,
Մի հրեղեն փերի, մի թառլան տեսա։

Ես մոտեցա, նա խոր նայեց աչքերիս,
Նոր շորերով զարդարվել էր իմ փերիս,
Ինձ էր փնտրում, կարոտել էր երգերիս,
Իմ անուշիկ յարին լուսեղեն տեսա։

ՅԱ՛Ր, ՔԵԶՆԻՑ ՎԵՐՔ ԱՌԱ

Յա՛ր, քեզնից վերք առա, սերդ ինձ մաշեց,
Սրած կացին դարձավ, իմ ծառը տաշեց,
Այս տանջող, սուր ցավը տարիներ քաշեց.
Էլ հերիք է, խղճա, արի, ճար արա,
Քո կրակն ինձ հալեց, քո սիրուց վառա։

Յա՛ր, չարությունով չէ, չեն բուժի վերքը,
Խելքի արի, լսիր իմ սրտի երգը,
Խոնարհիր գլուխդ, տուր ինձ քո ձեռքը.
Էլ հերիք է, խղճա, արի, ճար արա,
Քո կրակն ինձ հալեց, քո սիրուց վառա։

Աշուղին ո՞վ կտա մամոնա, ոսկի,
Նա միայն երգիչ է, վարպետ է խոսքի
Թիֆիլուց չի զատվում քո տեսքը իսկի.
Էլ հերիք է, խղճա, արի, ճար արա,
Քո կրակը ինձ հալեց, քո սիրուց վառա։

ԽՆԱՄԻ, ՕՋԱԽԴ ՇԵՆ Է

Խնամի, օջախդ շեն է,
Սեղանիդ հաց, սիրտդ լեն է,
Աղջիկ ունես` լուսեղ են է,
Ասա՛, էլ ո՞նց գովերգեմ քեզ։
Ծաղիկ ունես սիրուն ու հեզ,
Ի՞նչ բառերով գովերգեմ քեզ,

Խնամի՛, թասը բեր գինու,
Բաց արա, խասը բեր գինու,
Խմողաց անուշ քեֆ ասա,
Էն մեծ կարասից բեր գինու,
Մեր ծաղիկների կենացը,
Էն մեծ կարասից բեր գինու։

Հարս ու աղջիկների նազը,
Թող զնգա աշուղի սազը,
Չպակասի ձեր գլխի մազը,
Սիրով կատարվի մուրազը,
Դե լից բաժակները գինի`
Խմողներին անուշ լինի։

Խնամի՛, օջախդ շեն է,
Սեղանիդ հաց, սիրտդ լեն է,
Աղջիկդ իրավ լուսեղեն է,
Թիֆիլին ո՞նց գովերգի քեզ,
Ծաղիկ ունես խոնարհ ու հեզ,
Ի՞նչ բառերով գովերգեմ քեզ։

ՀԱԶԱՐ ՄԱՂԻՑ ՀԱՑ ԵՄ ԿԵՐԵԼ

Իմ սազի հետ թափառել եմ,
Հազար մաղից հաց եմ կերել,
Մի օր ցորեն, մի օր գարի,
Մի օր էլ տապակած եմ կերել։

Հայի լավաշ, գյուրջու՝ պուրի,
Թուրքի` ատպայ, օսի՝ քյարզին,
Ռուսի կաշա, մյուսի մոտ խաշ,
Բաքվեցու չորեկն եմ կերել։

Ուր գնացի մեր կովկասցին՝
Միշտ դուռը բացեց, սեղանին՝ հաց,
Իմ սրտով շեն, իր հողով լեն,
Ամեն տեղ հաց, կուշտ եմ կերել։

Լեզուներն են միայն տարբեր,
Քաշում, տանում են վեր ու վեր,
Ասում են՝ Թիֆիլի ախպեր,
Մենք բոլորս ենք աշուղասեր։

ԻՄ ՍԱԶԸ

Քեֆի համար է ստեղծված իմ սազը,
Երգ ու տաղի, խաղի համար է ստեղծված իմ սազը,
Ողբ ու կոծի, լացի համար է ստեղծված իմ սազը,
Իմ սիրելի խալխի համար է ստեղծված իմ սազը։

Ես վարպետ եմ, ուզածիս պես ինքս եմ շինել իմ սազը,
Միշտ տարել եմ նրա ցավը, նրա քնքշանքն ու նազը,
Ուրախ հնչե, չպակասի ժողովրդիս մի մազը,
Երջանկություն, ուրախություն՝ այդ է խնդրում իմ սազը։

Երբ պարում են, թռչկոտում է իմ սազը,
Երր լալիս են, հեծկլտում է իմ սազը,
Երբ խնդում են, հրճվում է իմ սազը,
Թող անկատար չմնա սրտիս մուրազը։

Ցանկանում եմ, որ ոչ ես լամ, ոչ սազս,
Պաղատում եմ, որ կատարվի ուզածս,
Խաղաղություն լինի արար-աշխարհին,
Խաղաղություն ու կյանք երգի իմ սազը։

Թիֆիլին եմ՝ մեծ Սիայուն միշտ ծառա,
Նրա շնչով, նրա ոգով դաս առա,
Սազ սիրեցի, յարիս սիրուց ես վառա,
Սազս առած՝ հայոց աշուղ ես դառա։

ԻՆՔՍ՝ ԻՆՁ

Ամեն մարդ մի պաշտոն գտավ,
Դու սազի ծառա մնացիր,
Ուսդ առած՝ միշտ գյուղից գյուղ,
Դռնից դուռ անցար, գնացիր։

Մի օր կուշտ, մի օր քաղցած,
Մի օր պատի տակ մնացիր,
Մի օր խնդացիր, բերկրացիր,
Մի օր ողբացիր ու լացիր։

Մեկը քեզ մի հաց կամեցավ,
Իր տաքուկ հարկի տակ առավ,
Մեկը լոկ անուշ խոսք ասավ՝
Անուշ լեզվով սիրտդ շահեց։

Ամեն մարդ մի պաշտոն գտավ,
Դու սազիդ ծառա մնացիր,
Թիֆիլի, կյանքիդ շատն անցավ,
Էլ հոգ չէ, քիչ էլ դիմացիր։

ԹԱՄԱԴԱ

Անուշ կերուխումը, ուրախ հանդեսը
Ծաղկեցնող, զարդարող զարդն ես, թամադա՛
Գինու գավը ձեռքիդ, գործիդ հաստատուն,
Դու ընդունակ, ընտիր մարդ ես, թամադա։

Կենացներ ես ասում խրատող խոսքով,
Ազնիվ միտքը, բնավ, չեն չափի ոսկով,
Թե Երևան գնանք, Թիֆլիս, թե Մոսկով,
Խնջույքն անիմաստ է առանց թամադա։

Թեկուզ որքան մարդ էլ նստի սեղանին.
Աղբյուրի պես հոսի հին կարմիր գինին,
Հարբեն, իրար կանցնեն տղամարդ ու կին,
Թե չլինես դու, բարիմաստ թամադա։

Դու աշուղի հոգու հալալ ընկերն ես,
Սեղանին բոլորածներից բոլորից վերն ես,
Քո կարգ ու կանոնով հանդեսի տերն ես,
Երգասեր, բանիմաց, ազնիվ թամադա։

Քեզ ընտրել են խելքիդ ու վարքիդ համար,
Քեֆեր ես անցկացրել անթիվ, անհամար,
Դու միշտ մեծ ախպեր ես Թիֆիլուս համար,
Թասդ անուշ արա, անուշ թամադա։

ՊԱՐԵՐԳ

Քողն երեսին, շողն երեսին,
Շաղն երեսին վարդն եկավ,
Օրոր, շորոր, հեզ ու նազով՝
Սրտիս սիրած յարն եկավ։
Հեզ ու նազով, իմ մուրազով՝
Սրտիս սիրած յարն եկավ։

Բաղով եկավ, խաղով եկավ,
Տաղով եկավ սիրունս,
Շախով եկավ, ժպտուն եկավ՝
Խնդուն եկավ, բաղով եկավ,
Իմ արևը, գարունս։

Սարեն եկավ, կալեն եկավ,
Արտեն եկավ իմ սերը,
Պաղ ջրերի զովեն եկավ,
Հովեն եկավ իմ սերը։
Զովեն եկավ, հովեն եկավ,
Ծովեն եկավ իմ յարը։

Շատ աշխույժ է, շատ թեթև է
Մեր Թիֆիլու այս պարը,
Թող նա սիրած սազը գովի,
Ես՝ անթառամ իմ յա՛րը.
Սազը գովի, մասը գովի,
Ես՝ անթառամ իմ յարը։

ՀԱՆԴԵՍ Է ԲԱՑՎՈՒՄ

Գովական խնամի, աննման հյուրեր,
Անգին բարեկամներ, հանդեսն է բացվում,
Ոտքի ելեք, ուրախացեք, խնդացեք,
Ախորժակը անուշ գինով է բացվում։

Առաջին բաժակը՝ զույգի կենացը,
Ցնծացեք, պարեցեք, «շաբաշ» կանչեցեք,
Միշտ անսպառ լինի խմիչքն ու հացը,
Իրար շատ հարգեցեք ու ջան կանչեցեք։

Ջան ասողը քեֆում երբեք չի հարբել,
Չի լացել դառն օղուց, չի խախտել կարգը,
Զգուշացել, իրեն պահել է պարկեշտ,
Ինչպես պահանջում է մեր հայոց բարքը։

Շատ խմողը, իմացեք, միշտ շատ է խոսում,
Կորցնում է իրեն ու վատ է խոսում,
Անպատեհ բաներ են բերանից հոսում,
Թիֆիլին իր խալխին ճիշտ խոսք է ասում։

 

Top

 
 
Copyright © 2008 - Javakhk Songbook
Reproduction in full or in part is prohibited without reference to
JavakhkMusic.com